Թուրքական The Lira թերթի փոխանցմամբ` միջազգային պատժամիջոցների պատճառով Իրանը չի կարող Թուրքիային գազ մատակարարելու դիմաց ստանալ արտարժույթ: Այդ պատճառով էլ Թուրքիան ստիպված է իրանական գազի դիմաց վճարումներն իրականացնել ոսկով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը:
Դեռևս հուլիսին թուրքական մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ այս տարվա մարտից Թուրքիան սկսել է ներկրվող իրանական նավթի ու գազի դիմաց վճարումներն իրականացնել ոսկով, քանի SWIFT ընկերությունը, որը զբաղվում է Իրանի դրամական փոխանցումներով, մարտից դադարեցրել է Թեհրանի հետ իր համագործակցությունը:
Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ 2012 թվականի երկրորդ եռամսյակին Թուրքիայից Իրան է արտահանվել 4.8 միլիարդ դոլարի ոսկի, մինչդեռ առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել էր 1 միլիարդ դոլարի ոսկի: Թուրքիան Իրանից տարեկան ներկրում է 8 միլիոն տոննա նավթ և 8 միլիարդ խորանարդ մետր գազ:







































