Նոյեմբերի 27-28-ը Երևանում կկայանա ավանդական Վենչուրային համաժողովը, որի ժամանակ «Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի» երկրորդ փուլ անցած մասնակիցները կներկայացնեն իրենց գաղափարները, իսկ վերջում տեղի կունենա մրցանակաբաշխությունը: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, այս տարին առանձնահատուկ էր հայտերի առատությամբ. ներկայացվել է 50-ից ավելի հայտ, որոնցից երկրորդ փուլ են անցել 21-ը: ԱՄՆ-ից արդեն ՀՀ են ժամանել գնահատողները:
Ենգիբարյանը հիշեցրեց, որ անցած տարի 22 նախագիծ էր ներկայացվել մրցույթին, նաև հավելեց, որ մասնակիցների ավելացումը չի նշանակում նաև հաղթողների ավելացում և 15 հազար դոլար դրամաշնորհը կստանան միայն 5 նախագծեր: ՁԻՀ տնօրենի խոսքով՝ հետաքրքիր գաղափարները շատ են, հիմնականում բարձր տեխնոլոգիաների, ինժեներիայի, բիոտեխնոլոգիաների, էներգետիկայի, ՏՏ-ի և այլ ոլորտներից:
Բ. Ենգիբարյանը հայտնեց նաև, որ 2006-ից ի վեր նախորդ տարիների բոլոր հաղթողները օրերս իրենց ծրագրերն էին ներկայացնում: Դրանց մեջ կան start-up ձեռնարկություն ստեղծած, ԱՄՆ Օկլահոմայի հետ պայմանագիր կատարող, ՌԴ-ում ձեռնարկություն հիմնած և այլն, որոնք պոտենցիալ վենչուրի «ուտելիք» են:








































