Թուրքական Zaman թերթի հաղորդմամբ, ՆԱՏՕ-ն քննարկել է Լիբիային զենքի մատակարարումների վրա բեռնարգելք (ամենայն հավանականությամբ, դա կլինի ծովային շրջափակման տեսքով) կիրառելու խնդիրը:
ՆԱՏՕ-ի խորհրդի` մի քանի ժամ տևած նիստում համաձայնեցվել են բեռնարգելքի ապահովման կանոնները: Միևնույն ժամանակ բաց է մնացել թռիչքների համար փակ գոտիների մասշտաբների կրճատման խնդիրը: Վերջինիս պատճառը թուրքական կողմի հակազդեցությունն է:
Հիշեցնենք, որ 28 անդամ ունեցող ՆԱՏՕ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա, ինչը նշանակում է, որ նրա յուրաքանչյուր անդամ կարող է վետո կիրառել: Եթե անգամ մեկ երկիր դեմ է քվեարկում, ապա նախագիծը տապալվում է:
Ի դեպ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ մահմեդական երկիրն է և հայտարարել է, որ ինքը չի միանա քաղաքացիական անձանց վտանգող օդային գործողություններին:







































