Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ սկսվեց Արմեն Պետրոսյանի գործի դատաքննությունը:
Պետրոսյանին մեղսագրված արարքները ոչ միայն իրավական առումով, այլև բարոյական տեսակետից էլ ծանր են, իսկ դատաքննության հենց սկզբում ասպարեզ հանված մանրամասներից այս գործն ավելի ծանրացավ:
25-ամյա Արմեն Պետրոսյանը մեղադրվում է ակնհայտորեն 16 տարին չբոլորած՝ 1995 թվականի մայիսի 6-ին ծնված աղջկա հետ 2009 թվականի սեպտեմբերին «Հաղթանակ» կամրջի տակ սեռական հարաբերություններ ունենալու, ապա այդ նույն աղջկան հանցավոր արարքի մեջ ներգրավելու՝ նրան գողության դրդելու համար. աղջիկը գողացել էր իր տատիկի 130 գրամ ոսկեղենը՝ 1 միլիոն 450 հազար դրամ արժողությամբ, ու հանձնել էր Արմենին: Վերջինս ոսկեղենի դիմաց աղջկան վերադարձրել էր ընդամենը 15 հազար դրամ:
Մինչ Արմեն Պետրոսյանը կհայտնաբերվեր Ռուսաստանում ու կբերվեր Հայաստան, տատիկի ոսկեղենը գողացած աղջիկը հասցրել էր գողության համար դատվել, նրա նկատմամբ համաներում էր կիրառվել, և աղջիկն ազատվել էր պատժից:
Մինչ Արմեն Պետրոսյանին կհայտնաբերեին Ռուսաստանում, անչափահաս աղջիկը «ազատ կյանք» էր արել Հայաստանում, հասցրել էր մեկնել Ուկրաինա, Վրաստան, ինչպես նաև Թուրքիա, որտեղ նրան Եվա էին ասում:
Դատարան բերման ենթարկված տուժողն առաջինը ցուցմունք տվեց: Նա վատ տրամադրություն չուներ ու մի տեսակ ժպիտով և առույգ ձայնով հայտնեց, թե ամբաստանյալն իր… հարազատ հորաքրոջ որդին է, իսկ ինքը, հետևաբար, ամբաստանյալի քեռու աղջիկն է: Այսպիսի բարեկամական կապերով էին կապված նրանք՝ չափահաս տղան ու անչափահաս աղջիկը, որոնք, ըստ քրեական գործի նյութերի, «Հաղթանակ» կամրջի տակ սեռական հարաբերություններ էին ունեցել 2009 թվականի սեպտեմբերյան երկու օր:
Աղջիկը պնդեց, թե Արմենը, իրոք, համոզել է իրեն սեռական հարաբերություններ ունենալ, և ինքը՝ այն ժամանակ կույս աղջիկ, տեղի է տվել: Ճիշտ է, դրանից առաջ հետաքրքրվել է, թե կարո՞ղ են իրենք՝ բարեկամ համարվող մարդիկ, միմյանց հետ սեռական հարաբերություն ունենալ: Արմենն ասել է, թե ինքը վաղուց Հայաստանում չի եղել, իրենք համարյա չեն ճանաչում միմյանց, հետևաբար, կարելի է համարել, որ բարեկամ էլ չեն: Աղջկան գողության մղելով՝ Արմենը խոստացել է, թե իրենց փող է պետք, որ միասին մեկնեն Գերմանիա, ամուսնանան ու լավ կյանքով ապրեն:
Արմեն Պետրոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքները, պնդում է, թե իրեն մեղսագրված արարքներից ոչ մեկը չի կատարել, իրեն զրպարտել են ու մեղադրել չկատարածի համար:
Միջանցքում սպասում էին բերման ենթարկված վկաները: Բոլորը նույն ընտանիքի անդամներ էին՝ մեծ իմաստով. Արմենի մայրն էր, որը տուժող համարվող աղջկա հարազատ հորաքույրն էր, տուժողի եղբայրն էր, որը ամբաստանյալի քեռորդին էր, տուժողի հայրն էր, որն ամբաստանյալի քեռին էր:
Տուժող աղջիկը դատարանում իրեն շատ անկաշկանդ էր պահում, բարձր ծիծաղում էր, բացականչություններ անում, արտաքուստ վատ չէր զգում, որ քննվող գործը վերաբերում է իր ու հորաքրոջ տղայի սեռական հարաբերություններին և համատեղ ծրագրած գողությանը: «Ուրախ աղջիկ ես երևում»,- ասաց նախագահող դատավորը, ու աղջիկը բոլորովին չզգաց դատավորի ձայնի մեջ ակնհայտ մտահոգությունը: Միայն այն պահին, երբ պիտի պատմեր բուն սեռական հարաբերությունների մասին, քանի որ պնդում էր, թե դրանք հաստատապես եղել են, ասաց, թե ամաչում է, ու նրա ցուցմունքների ընթացքում դատական նիստն անցկացվեց դռնփակ պայմաններում:
Աղջկա եղբայրն ասաց, թե չի ուզում հավատալ, որ Արմենի ու քրոջ միջև եղել է այն, ինչ ներկայացված է քրեական գործում: «Մենք առանց ծնողների ենք մեծացել»,- ցավով ասաց աղջկա մեծ եղբայրը:
Նրանց հայրն ընտանիքից հեռացել էր, երբ աղջիկը քառասուն օրական էր եղել: Դատարանի միջանցքում հայր ու որդի, ապա նիստերի դահլիճում հայր ու դուստր միմյանց հետ շատ լարված տոնով էին խոսում, սեր չկար նրանց խոսքի ու միմյանց նկատմամբ ցուցաբերած դառնության մեջ: Այս երեխաների մայրն էլ մեկնել էր Իտալիա, նոր ընտանիք ունի այնտեղ: Երեխաները մեծացել էին մորական տատի տանը: Աղջիկը շատ վաղ էր «սիրել» «ազատ կյանքը»: Դեռ վեցերորդ դասարանում պատահում էր, որ փախչում էր տնից ու գիշերները տուն չէր գնում: «Ես ուրիշ եմ, ինքը՝ ուրիշ, մեր ճանապարհները չեն համընկնում»,- քրոջ մասին ասաց եղբայրը, ապա ավելացրեց. «Ես չգիտեմ, թե նա տնից գողացած ոսկեղենն իրականում ում է տվել, կարող էր և ուրիշին տալ… Ես փորձել եմ նրան տնից դուրս չթողնել, փորձել եմ խրատել, բայց նա ինձ չի լսել, ու ինձ համար արդեն հետաքրքիր չէ, թե նա որտեղ է այս պահին ապրում, որովհետև ես չեմ թողնում, որ տուն գա, ես գլուխս կախ եմ քայլում մեր թաղում… Առաջին անգամ նա տասնհինգ տարեկան էր, որ «ազատ կյանք» վարելու համար տնից հանեցի… Ուղարկեցինք Ուկրաինա՝ քեռուս մոտ, որ վերադաստիարակվի: Բայց չուղղվեց, մի երկու ամսից հետ եկավ ավելի ազատ վարքագծով… Շատ եմ լսել, որ շրջապատն է նրան էդպիսին դարձրել: Այս քրեական գործով քննվող հանգամանքների մասին իմացել եմ տատիկի ու քրոջս ասածներից, անձամբ ես չեմ ուզում հավատալ…»:
Տուժող աղջկա հայրը, որն այլ ընտանիք ունի ու այս երկու երեխաների հետ խոսելիս նրանց «անշնորհակալ» էր անվանում, ասաց, թե ամբողջ գործը սարքված է նախկին զոքանչի կողմից: Դա շանտաժ է, որի թիրախն ինքն է, փորձ է արվել իրեն ու քրոջն իրար դեմ հանել՝ նրա որդուն մեղադրելով շատ ծանր հանցանքների համար:
Այս հայրը չէր հավատում տուժողի տեղում նստած աղջկան: Նրանք միմյանց հետ հանգիստ խոսել չէին կարողանում: Հոր ցուցմունքներն աղջիկը հաճախ ընդմիջում էր՝ «սաղ սուտ է ասում» բացականչությամբ: Իսկ հայրը վկայություն էր տալիս մի գործով, որում նկարագրված էր՝ ինչպես է իր անչափահաս աղջիկը սեռական հարաբերություններ ունեցել հորաքրոջ որդու հետ:
«Ես հայրենասեր մարդ եմ, եթե հավատայի այդ ամենին, երկուսին էլ կմորթեի»,- ասաց դատարանի ամբիոնի մոտ կանգնած տղամարդը: Նա հայտնեց, թե նախկին զոքանչը տոկոսով փող տվող էր, նա չէր սիրում իրեն, չէր ուզում իր նման փեսա ունենալ, դրա համար էլ քանդեց իրենց ընտանիքը ու հիմա շարունակում է վրեժ լուծել իրենից:
Հայրը վկայեց, որ աղջիկը դեռ մինչև Արմենի՝ Ռուսաստանից գալը արդեն «ազատ կյանք» էր վարում, գիշերները տուն չէր գալիս, ու եղել են դեպքեր, երբ նախկին կնոջ հետ մեքենայով շրջել են աղջկա ընկերուհիների տներով ու փնտրել են նրան:
Աղջիկը վթարի էր ենթարկվել կասկածելի մարդկանց հետ նույն ավտոմեքենայով, բայց ինքը ոչինչ հաշվի չի առել, փորձել է իր կապերն օգտագործել՝ նրա անվճար բուժօգնությունը կազմակերպելու համար: Մի անգամ էլ իր վզի ոսկե շղթան հանել ու գցել է աղջկա վիզը, երբ տատիկն ասել է, թե նա արդեն… կին է… Խոսքը դեռ տասնյոթ տարեկան աղջկա մասին էր, որը նստած էր նույն դահլիճում ու վատ էր զգում ոչ թե իր ազատ վարքի մասին պատմությունների պահին, այլ ներընտանեկան անհանդուրժողականության ազդեցությամբ:
Դատական նիստը բավական երկար տևեց: Յուրաքանչյուր վկա իր ցուցմունքներով ավելի խտացրեց այս ընտանիքում տիրող գաղջ մթնոլորտը: Սեր չկար ոչ մեկի խոսքում: Ոչ մեկի հայացքում: Միմյանց հանդեպ լոկ չարություն էին արտահայտում, դժգոհություն, անբավարարություն: Դա այլևս ընտանիք չէր: Ընտանիքի փլուզման հետ փլուզվել, փոշիացել էին բարոյական կապերը, մարդկային վերաբերմունքը: Եղբայրը չգիտեր, թե որտեղ է կենում տասնյոթամյա քույրը: Հոր ցուցմունքի պահին աղջիկը պահանջում էր դուրս գալու թույլտվություն, որովհետև չէր կարողանում հանգիստ՝ առանց նյարդայնանալու և գոռգոռոցի լսել ծնողին: «Մենք առանց ծնողների ենք մեծացել»,- ասում էր տասնիննամյա տղան, որը բանակից ազատվել էր հիվանդության պատճառով և հիմա հիվանդանոցում խնամում էր վիրահատության ենթարկված տատիկին:
Վերջինս այս գործով երկրորդ տուժողն է, բայց քանի որ հիվանդանոցում է գտնվում, հետվիրահատական շրջանում, դատաքննությունն անցկացվում է նրա բացակայությամբ: Ամբաստանյալ Արմեն Պետրոսյանը մի տեսակ երկրորդ պլան էր մղվել այս վկաների ներընտանեկան բացահայտումների ընթացքում: Նա հանդարտ նստած նայում էր իր բարեկամներին: Վկաներից ցուցմունք տալ չհասցրեց ամբաստանյալի մայրը, որը Երևանում՝ Նազարբեկյան փողոցում, բնակվում է տնակում, շատ վատ պայմաններում: Նա չէր հավատում, որ զավակը կարող էր կատարել մեղսագրված արարքները: Ասում էր՝ շառի մեջ է ընկել, նայում էր որդուն, փորձում էր հանգստացնել եղբորը…
Նիստից հետո նրանք խմբված դուրս եկան: Ամբողջ խումբը և յուրաքանչյուրն առանձին զգո՞ւմ էին իրենց բաժին պատասխանատվությունը…










































