Չինաստանը ողջունել է Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև զինադադարի հաստատումը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հու Չունին:
Նրա խոսքերով՝ Չինաստանը հույս ունի, որ կողմերը կհետևեն զինադադարի պայմաններին, իսկ միջազգային հանրությունն ավելի շատ ջանքեր կգործադրի՝ Իսրայելի և Պաղեստինի միջև տարաձայնությունները վերացնելու համար:
«Մենք բարձր ենք գնահատում Եգիպտոսի և տարածաշրջանի այլ երկրների ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվեց հասնել հրադադարի»,- ընդգծել է Հու Չունին:
ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը դատապարտել է նոյեմբերի 21-ին Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը՝ ընդգծելով, որ չինական կողմը դեմ է ահաբեկչության ցանկացած դրսևորումների:
ՉԺՀ ԱԳՆ տեղեկատվության համաձայն՝ հինգշաբթի երկօրյա այցով Պեկին է ժամանել Պաղեստինի ինքնավարության բանագնացը: Ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակը:









































