Հոկտեմբերի 12-ին Երուսաղեմում երկարատև հիվանդությունից հետո մահացել էր Երուսաղեմի 93-ամյա Հայոց պատրիարք, ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը: Այսօր լրացավ նրա մահվան 40-րդ օրը: Սակայն պատրիարքի մահվան քառասունքը կնշվի կիրակի օրը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Երուսաղեմում պատրիարքական տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը: Ըստ նրա՝ պատրիարքի մահվան 40-րդ օրը կնշվի նոյեմբերի 25-ին, հանդիսավոր պատարագ կմատուցվի, և հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա:
Անդրադառնալով Երուսաղեմի պատրիարքի ընտրություններին՝ նա ասաց, որ դրանք տեղի կունենան հունվարի 23-ին, 24-ին և 25-ին: «Այս օրերին հայտնի կդառնա, թե ով կլինի պատրիարքը: Թեկնածուների մասին տեղեկություն չի հայտարարվում: Միաբանական ընդհանուր ժողովը 5 թեկնածու է ընտրում առաջին նիստին, հաջորդ նիստին ընտրում է պատրիարքին: Աստված ցանկանա՝ անպայման հունվարի վերջին Երուսաղեմի պատրիարքն ընտրված կլինի: Չենք նախատեսում, որ կարող է այս նիստերը հետաձգվեն»,- հստակեցրեց արքեպիսկոպոս Շիրվանյանը: Նա նշեց, որ մինչ այդ պատրիարքարանն իր աշխատանքը բնականոն հունով կշարունակի, ինչպես մինչ այսօր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության միաբանական ընդհանուր ժողովը գումարել էր ԻԱ Նիստը: Ժողովին մասնակցել էին 29 միաբան հայրեր՝ Երուսաղեմից և արտասահմանի հայոց թեմերից: Միաբանական ընդհանուր ժողովը խաղաղ կերպով կատարել էր տեղապահի ընտրությունը, որի արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ Երուսաղեմի պատրիարքական տեղապահ էր ընտրվել Արիս Արք. Շիրվանյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էին, տեղապահ սրբազանի պարտականությունն է հոգելույս պատրիարքի մահվան քառասունքից հետո ձեռնարկել նոր պատրիարքի ընտրություն:







































