Google ընկերությունը ստորագրահավաք է սկսել համացանցում գրաքննության դեմ: «Սկսի´ր գործել» էլեկտրոնային միջնորդագիրը համացանցում է հայտնվել նոյեմբերի 20-ին:
Միջնորդագիրը պայմանավորված է դեկտեմբերի սկզբին ծրագրված փակ միջկառավարական հանդիպումների շարքով՝ նվիրված ինտերնետի ապագային: Google-ի տեղեկություններով՝ Դուբայում անցկացվելիք այդ հանդիպումներում կքննարկվի համացանցում գրաքննության ներմուծման հնարավորությունը:
«Առանց սահմանների ազատ աշխարհում համացանցը պետք է հասանելի լինի,- ասված է Google-ի միջնորդագրի կայքում:- Համացանցի ճակատագրի վրա ազդելու հնարավորություն պետք է ունենան ոչ միայն կառավարությունները, այլև ամբողջ աշխարհի միլիարդավոր ինտերնետ-օգտատերերը և տեխնիկական մասնագետները»:
Միջնորդագրի տակ ստորագրած մարդկանց թվաքանակը չի հաղորդվում:
Վերջին տարիներին համացանցում տեղեկության տարածման վրա վերահսկողություն սահմանելու փորձեր են ձեռնարկվում բազմաթիվ երկրների կառավարությունների կողմից:







































