Անտառում լսվել է ու կլսվի «դրուժբայի» ձայնը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը: Ըստ նրա՝ անտառհատող այդ սղոցի ձայնը դեռ չի նշանակում, որ անտառն ապօրինի են հատում, այլ իրականացվում են խնամքի և սանիտարական հատումներ: Նա հայտնեց, որ այս տարվա ծրագրով 9000 խմ փայտանյութ պետք է հատվի և շարժվի ՀՀ մայրուղիներով, առնվազն 700-800 մեքենա պետք է դուրս գա անտառից:
«Մարդիկ տեսնում են՝ ծառ են կտրում, ուրեմն ապօրինի է: Այո՛, ապօրինի անհտառհատողներ էլ կան, բայց միաժամանակ այդքան ֆոնդը պետք է հատվի, դրուժբաների ձայնը պետք է գա»,- ասաց Մ. Մաթևոսյանը՝ նշելով, որ ապօրինի հատումների քանակը 1990-ականներին 450 հազար հատ ծառ էր, 2003-ին՝ 4 հազար, 2011-ին` 2500, իսկ այս տարվա հունվար-նոյեմբերին՝ 1016 ծառ:
Մ. Մաթևոսյանի կարծիքով՝ գազի թանկացումը կարող է բերել անտառհատումների ավելացման: Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը պետք է սկսել շուկաներից և ճանապարհներից: Նրա խոսքով՝ բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված ապօրինի անտառհատումների վերաբերյալ:
«Հայանտառ»-ի տնօրենը տեղեկացրեց, որ գյուղատնտեսության, բնապահպանության և տարածքային կառավարման նախարարությունների դիմումով GIZ-ը հեռահար զոնդավորման մեթոդներով անցած տարի չափեց մեր երկրում անտառածածկ տարածքը, որն ընդհանուր առմամբ կազմում է 340 հազար հա, որից 249 հազարը մտնում է «Հայանտառի» տարածքում: Այսինքն` անտառապատ է ՀՀ տարածքի 11%-ը: Դա նշանակում է, որ անտառների տարածքը չի նվազել 1980-ականների համեմատ: Մ. Մաթևոսյանի խոսքով՝ այլ խնդիր է որակական փոփոխությունը և անտառային պաշարները, որ 1980-ականներին 42 մլն խմ էր և հիմա էլ նույնքան է: Մ. Մաթևոսյանի հավաստմամբ՝ անտառների տարածքը չի պակասել բնական աճի շնորհիվ:
Ներկայում իրականացվում է միատարր անտառտնկարկները խառը անտառների վերածելու ծրագիր: GIZ-ը և «Հայանտառ»-ը պայմանագիր են կնքել` խառը անտառի վերածելու Գուգարքում և Նոյեմբերյանում 150 հա միատարր սոճուտները: Թեղուտի անտառծածկի հատման հետևանքները վերացնելու համար (մինչև 2020թ. պետք է հատվի 300 հա անտառ) շահագործողը «Հայանտառ»-ի հետ պայմանագիր է կնքել 315 հա տնկելու վերաբերյալ, և Սպիտակում ու Լալվարում աշխատանքներն արդեն սկսված են: Հաջորդ տարի Սևանի անտառտնտեսությունում, Աճարկուտում նախատեսվում է տնկել 20 հա, Երևանում՝ 51 հա անտառ: Ներկայում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ բանակցություններ են տարվում անտառտնկման աշխատանքների իրականացման համար ֆինանսավորում ստանալու ուղղությամբ:






































