2008 թ. Հնդկաստանի Մումբայ քաղաքում իրականացված ահաբեկչության միակ ողջ մնացած մասնակիցը՝ Մոհամեդ Քասաբը, նոյեմբերի 21-ի առավոտյան կախաղանի միջոցով մահապատժի է ենթարկվել ,- հաղորդում է Agence France-Presse-ը:
Քասաբը սկզբում հայտարարել էր, որ անմեղ է, ավելի ուշ ընդունել էր ահաբեկչություններում իր մասնակցությունը՝ հայտնելով, որ գործել է պակիստանյան «Լաշկար-ի-Տայբա» իսլամիստական խմբավորման հրամանով:
2010 թ. Քասաբը մեղավոր էր ճանաչվել Հնդկաստանի դեմ ռազմական գործողություններ կատարելու, սպանությունների ու ահաբեկչության մեջ և դատապարտվել էր մահապատժի: Դրանից հետո նա մի քանի անգամ բողոքարկել էր դատավճիռը, ներում խնդրել Հնդկաստանի նախագահից, սակայն ապարդյուն:
Պակիստանցի Մոհամմեդ Քասաբը 2008 թ. նոյեմբերին Մումբայում ահաբեկչություն կատարած 10 անձանցից մեկն էր։ Հիշեցնենք, ահաբեկչությունների հետևանքով զոհվել էր 166 մարդ:







































