Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է միջազգային հանրությանը՝ Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիներին աջակցելու կոչով: Էրդողանը նման հայտարարությամբ է հանդես եկել Կահիրե կատարած այցի ընթացքում, որտեղ տեղի է ունեցել տարածաշրջանի երկրների առաջնորդների քառակողմ հանդիպումը: Այս մասին փոխանցում է Associated Press-ը:
Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիի և Էրդողանի հանդիպմանը մասնակցել են նաև Կատարի էմիր Համադ բին Խալիֆա Ալ-Տանին և «ՀԱՄԱՍ» շարժման առաջնորդ Խալեդ Մաշալը: Նրանց զրույցի հիմնական թեման եղել է հրադադարի խախտման քննարկումը և Իսրայելի պաշտպանության բանակի ու Պաղեստինյան զինված խմբավորումների միջև հրթիռային հարվածների նոր ալիքի բռնկումը:
Հատկանշական է, որ թուրք և եգիպտացի առաջնորդների հանդիպումը առաջինն էր սույն թվականին հունիսին Եգիպտոսի նախագահի պաշտոնում Մուրսիի ընտրվելուց հետո:










































