Եգիպտոսում հայտնաբերել են երկաթուղային վթարի մեղավորին, որի հետևանքով զոհվել էր 50 մարդ, այդ թվում` 48 դպրոցական:
Սլաքավարը աղետի ժամանակ քնած է եղել: Ինչպես հայտնել են երկաթուղու վարչության ներկայացուցիչները, սլաքավարը կոպիտ կերպով խախտել է աշխատանքային կանոնները` թողել է անցակետն ու գնացել քնելու:
Դրա հետևանքով գնացքի մոտենալու պահին ճանապարհը բաց է մնացել, և գնացքը հարվածել է դպրոցականներին տեղափոխող ավտոբուսին, որտեղ եղել են 5-11 տարեկան երեխաներ:
Ինչպես գրում է АР գործակալությունը, երեխաների ծնողները ճանապարհի ամբողջ երկայնքով դեռ որոնում են իրենց երեխաների մարմինները:
Հայտնի է, որ մի ընտանիք աղետի հետևանքով կորցրել է իր 5 երեխային, ևս մեկը` 2-ին:
Դեպքը տեղի է ունեցել Կահիրեից 300 կմ հարավ` Ասյուտ նահանգում:
Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, աղետից անմիջապես հետո հրաժարական են ներկայացրել երկրի տրանսպորտի նախարար Մուհամմեդ Ռաշադ Ալ-Մատինին և Եգիպտոսի երկաթուղու ղեկավարը:
Մուրսին ընդունել է հրաժարականը ու կառավարությանը հանձնարարել է օգնել զոհվածների ընտանիքներին և տուժածներին, հետաքննություն իրականացնել:
Ասյուտ է մեկնել երկրի վարչապետ Հիշամ Կանդիլը:










































