Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Սամվել Ալեքսանյանին պատկանող Նատալի Ֆարմ ընկերությանը, դեղերի շուկայում գերիշխող դիրքերը չարաշահելու համար: Մամուլում եզրակացություններ են արվել, որ Սամվել Ալեքսանյանը դարձել է ստվերի դեմ Հովիկ Աբրահամյանի պայքարի առաջին զոհը: Իրականում նման եզրակացությունները, մեղմ ասած, շատ երևակայական են:
Հարցն այն չէ, որ Սամվել Ալեքսանյանը զոհ չէ, Հայաստանն է նրա գերշահույթների զոհը: Հարցն այլ է: Հովիկ Աբրահամյանը պարզապես ստվերի դեմ պայքար չի տանում, որ այդ պայքարն էլ զոհեր ունենա: Եթե հայտարարել է հավասար մրցակցային պայմանների, ստվերի դեմ պայքարի մասին, դա դեռ չի նշանակում, որ պայքարն իրականացնում է: Ի՞նչ է նշանակում Հայաստանում պայքար ստվերի դեմ: Դա նշանակում է իշխանության համար կտրել այն ծառը, որի վրա նստած է:
Ստվերը, ստվերային տնտեսությունը Հայաստանի իշխանական համակարգի հիմքն է, հենասյունը: Սա հենց այնպես արվող արտահայտություն չէ: Իշխանական համակարգը կառուցված է ստվերի սկզբունքով, այսինքն՝ անգամ կառավարման հիերարխիան չի գործում: Օրինակ, մի պատգամավորը կարող է շատ ավելի ազդեցիկ լինել նախարարից, վարչության պետը՝ պատգամավորից, և այդպես շարունակ: Դրա համար է, օրինակ, որ դե յուրե հանրապետության երկրորդ դեմքը իր կյանքի երազանք է դարձնում դե յուրե երրորդ դեմք դառնալը, և վերջապես իրականանում է նրա երազանքը:
Այս ամենի բաղկացուցիչ մասն է տնտեսական ստվերը, որից գոյանում է ստվերային բյուջեն: Ի՞նչ է ստվերային բյուջեն: Դա համակարգի պահպանության ծախսերն են, որոնք անհնար է անել պետական բյուջեով, քանի որ այդպես կդառնան ավելի խոցելի, վերահսկելի, աղմուկի պատճառ, միևնույն ժամանակ էլ կբացահայտվեն Հայաստանում երկու տասնամյակ շարունակ կատարվող պետական հանցագործություններն իրենց ամբողջ ծավալով: Այդ իսկ պատճառով, եթե գործ ունենք հակասահմանադրական համակարգի հետ, չենք կարող ստվերային տնտեսության հետ գործ չունենալ: Եվ այդ տնտեսությունը չի կարող չլինել գոնե այնքան, ինչքան տնտեսության, այսպես ասած, լուսային մասն է: Դատեք ինքներդ. մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ լուսային մասով, այսինքն՝ պետական բյուջեով գոյություն պահպանում Հայաստանը: Եվ մենք տեսնում ենք նաև, թե ինչպես է Հայաստանից շատ ավելի բարվոք վիճակում գտնվում իշխանական վարչախումբը: Եթե այդ վարչախմբի ստվերային բյուջեն լիներ ավելի պակաս, քան պետական բյուջեն է, ապա իշխանական վարչախմբի վիճակը Հայաստանի վիճակից չպետք է տարբերվեր: Բայց մենք տեսնում ենք, որ վարչախմբի Հայաստանը շատ ճոխ, շքեղ ապրող Հայաստան է, ընդ որում և՛ կառույցների, բջիջների, և՛ այսպես ասած անհատական, կենցաղային, անձնական մակարդակով: Եվ ուրեմն, սա նշանակում է, որ Հայաստանում ստվերը ավելին է, քան պետական բյուջեն, քան լույսը: Եվ ուրեմն, Հայաստանում ստվերի դեմ պայքարի դեպքում մենք պետք է տեսնենք, թե ինչպես է աչքի առաջ «նիհարում» իշխանական վարչախումբը, նվազում, նվաղում, ինչպես է իր կենցաղավարությամբ և կենսամակարդակով հավասարվում Հայաստանի մակարդակին: Մինչև այդ հավասարությունը չլինի, Հայաստանի կենսամակարդակը չի կարող աճել, չի կարող ավելանալ:
Հետևաբար, ստվերի դեմ պայքար Հայաստանում չկա, քանի դեռ կա ներկայիս համակարգը, որի համար ստվերը թթվածին է: Այդ համակարգը չի կարող կտրել այն ծառը, որի վրա նստած է: Ստվերը կարող են ընդամենը շրջանառել պետական բյուջեով՝ հետո նորից ուղղելով իրենց գրպանը: Այսինքն՝ պետք է ընդամենը ցույց տալ, հետո տնօրինել ինչպես միշտ: Այսինքն՝ իշխանությունը ընդամենը կարճ ժամանակով վարձակալում է ստվերը օլիգարխիայից, կամ ավելի ճիշտ՝ քանի որ իշխանություններն իրենք են հենց օլիգարխիայի բաղկացուցիչ մասը, իրենք իրենց ստվերը վարձով տալու են պետությանը, ժամանակավոր օգտագործման, իսկ հետո նորից վերադարձնելու են իրենց գրպանը՝ վարձակալության գումարն էլ վրադիր:










































