«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ մեկ տարի առաջ կնոջը երեխաների աչքի առաջ սպանած աղանդավոր ամուսնուն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 11 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, անցյալ տարի, օգոստոսին, Արմավիրի մարզում զարհուրելի սպանություն էր տեղի ունեցել: 36- ամյա Արսենը դանակի բազմաթիվ հարվածների միջոցով սպանել էր իր կնոջը:
Ինչպես պարզվել էր նախաքննության ընթացքում, 1997 թվականին ամուսնացած զույգը, որ ողբերգության պահին արդեն 2 անչափահաս երեխաներ ուներ, ապրել է ծանր սոցիալական պայմաններում, զբաղվել են հողագործությամբ, ամուսինը ընտանիքի հոգսը հոգալու համար գունավոր մետաղներ է հավաքել ու վաճառել:
Պարզվել է նաև, որ դեպքից 2-3 տարի առաջ, Արսենը սկսել է «հիսուննականներ» աղանդավորական խմբակի հավաքներին հաճախել, ինչից հետո նրա մոտ վախի զգացում է ի հայտ եկել, աչքին սկսել են «աստղիկներ» երևալ: Դրա համար նա նույնիսկ բուժում է ստացել Վաղարշապատի հոգեթերապևտիկ բաժանմունքում:
Պարզվել է նաև, որ Արսենի և նրա կնոջ հարաբերությունները վերջին շրջանում լարված են եղել, պարբերաբար, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություններ են ծագել, որոնց ժամանակ ամուսինը երեխաների ներկայությամբ, հարվածել է կնոջը։ Հերթական նման վիճաբանությունը տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 26-ին: Արսենը ծեծել է կնոջը և մորը պաշտպանող դստերը։
Դրանից հետո կինն իրեն և դստերը ծեծելու վերաբերյալ հաղորդում է տվել ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Այստեղ, սակայն, Արսենի նկատմամբ քրեական գործ չեն հարուցել` դիմողների բողոքի բացակայության հիմքով։ Իսկ կինը երեխաների հետ գնացել է հայրական տուն:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում:









































