Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հանդես է եկել ի պաշտպանություն կախարդական հեքիաթների, որոնց դեմ զինվել են բրիտանացի աթեիստները՝ տեղեկացնում է ITAR-TASS-ը։
«Մեր ժամանակներում երեխաները շատ արագ են մեծանում, և անհրաժեշտ է ապահովել նրանց կայացման ու դաստիարակության բնականոն պայմաններ,- հայտարարել է նա։- Կախարդական հեքիաթները պարունակում են կարևոր բարոյական դասեր, և դրանք օգտակար են փոքրիկների համար»։
Ջոլիի արտահայտությունները հնչել են բրիտանացի հայտնի աթեիստ գրող Ռիչարդ Դոքինզի անսպասելի հայտարարությունից հետո։ Ելույթ ունենալով Չելթնեմի գիտաժողովում՝ Դոքինզն ասել է, թե «ծնողները չպետք է երեխաներին կախարդական հեքիաթներ պատմեն, քանի որ դա առաջացնում է վերջիններիս կողմից աշխարհի ոչ ճիշտ ընկալում»։
Դոքինզը լայն ճանաչում է ստացել իր գրքերի շարքի համար, որոնցում նա փորձում է ապացուցել Աստծո բացակայությունը և պաշտպանում է կենսաբանական կյանքի զարգացման տեսությունը։ «Ես կորցրել եմ հավատը գերբնականի նկատմամբ 8-9 տարեկանում»,- խոստովանել է համոզված աթեիստը։











































