Bonhams աճուրդի տունը հինգշաբթի Նյու Յորքում կազմակերպել է աճուրդ՝ նվիրված Նորմանդիայում 1944թ. հունիսի 6-ին դաշնակից զորքերի վայրէջքի 70-ամյակին: Ընդհանուր առմամբ՝ աճուրդում ցուցադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ առնչություն ունեցած ավելի քան 350 ցուցանմուշ:
Ամենաթանկարժեք իրը դրոշն է, որը բարձրացվել էր ամերիկյան LST-493 դեսանտային նավի վրա: Այն վաճառվել է 386.5 հազար դոլարով: Աճուրդի կազմակերպիչները կարծում էին, որ այն կվաճառվի առավելագույնը 25-35 հազար դոլարով: Գնորդի անունը հայտի չէ, քանի որ նա աճուրդին համացանցով է մասնակցել:
Աճուրդի ժամանակ ներկայացվել է նաև «Էնիգմա» գերմանական գաղտնագրող մեքենան, որը վաճառվել է 92.5 հազար դոլարով:
Աճուրդի իրերի կեսից ավելին պատկանել է 71-ամյա ամերիկացի զինվորական և կոլեկցիոներ Ռոդին Բրաունին: Նա սկսել է դրանք հավաքել դեռ տասը տարեկանում:









































