Չինաստանի Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանի քաղաքային դատարանները 23 գործերի քննությունից հետո ահաբեկչության մեղադրանքով մահապատժի և տարբեր ժամկետներով ազատազրկումների են դատապարտել 81 մարդու: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքին: Մահապատժի է ենթարկվել 9 մարդ, ևս 3 հոգի՝ մահապատժի երկու տարվա հետաձգումով:
«Տվյալ մարդիկ մեղավոր են ճանաչվել ահաբեկչական կազմակերպություններ ստեղծելու և ղեկավարելու, մի շարք նպատակային սպանությունների և հրդեհների համար: Հետաքննությանը տրամադրված փաստերը հաշվի առնելով՝ մեղադրյալների մի մասը դատապարտվել է մահապատժի, մյուս մասը՝ ազատազրկման»,- նշում է հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սինցզյան-Ույգուրյան շրջանի ոստիկանությունը մայիսի 23-ին վնասազերծել է ահաբեկչական գործունեության և կրոնական ծայրահեղականության մասնակից կազմակերպությունների՝ ձերբակալելով ավելի քան 200 կասկածյալի: Ոստիկանների հատուկ գործողության արդյունքում նաև մոտ 1,8 տոննա պայթուցիկ նյութեր էին առգրավվել:
Մայիսի վերջին Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանի վարչական կենտրոն Ուրումչի քաղաքում իրագործվել էր Չինաստանի տարածքում վերջին ժամանակների խոշորագույն ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել էր 39 մարդ, ևս 86 հոգի վնասվածքներ էին ստացել:










































