Մոտ երկու տասնյակ պետությունների առաջնորդներ հավաքվում են Նորմանդիայում՝ մասնակցելու դաշնակիցների վայրէջքի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին: Այդ երկրները 1944 թվականին մասնակցել են «Օվերլորդ» օպերացիային, որը նշանավորել է Արևմտյան ճակատի բացումը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Չնայած գլխավոր արարողությունը կկայանա վաղը՝ Ուիստրեամ կոմունայում, սակայն պաշտոնական պատվիրակությունները կսկսեն Փարիզ այցելել արդեն այսօր: Միջոցառումներին կմասնակցի նաև Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը: Նրա այցի ծրագիրը կսկսվի Հաղթանակի կամարի մոտ Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակ դնելով:
Ելիսեյան պալատում կկայանան նախագահ Օլանդի և Պուտինի բանակցությունները: Ֆրանսիացի առաջնորդի շրջապատի աղբյուրների տվյալներով՝ զրույցը կընթանա առավել ակտուալ միջազգային հարցերի շուրջ, գլխավորապես՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի, այդ երկրի արևելյան շրջաններում լարվածության սրումը կանխելու ուղիների մասին:
Օլանդը կհանդիպի նաև ԱՄՆ նախագահի հետ, ում հետ մտադիր է քննարկել ազատ առևտրի անդրատլանտյան գոտու ստեղծման մասին ոչ հեշտ ընթացող բանակցությունները և սկանդալը ֆրանսիական BNP Paribas բանկի շուրջ, որին ամերիկյան արդարադատությունը սպառնում է 10 մլրդ դոլար տուգանքով:
Փարիզում ծրագրված է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:
Փարիզից հյուրերը կուղևորվեն Նորմանդիա, որտեղ տոնակատարություններին հրավիրված են 18 պետությունների առաջնորդներ, ինչպես նաև Երկրորդ աշխարհամարտի մոտ 1000 վետերաններ:
Պետությունների ղեկավարների ու վետերանների պաշտոնական ընդունելությունը կկատարվի Բենուվիլ ամրոցում:







































