ԱՄՆ բնակիչների մոտ կեսը համաձայն չէ երկրի նախագահ Բարաք Օբամայի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը, վկայում են NBC-ի և Washington Post-ի հարցման արդյունքները, բերում է ITAR-TASS-ը:
Սոցիոլոգները նշում են, որ այդ ցուցանիշն ամենաբարձրն է Օբամայի նախագահության ամբողջ ընթացքում: Միևնույն ժամանակ, երկրի ղեկավարի արտաքին քաղաքական կուրսը դուր է գալիս ամերիկացիների 41%-ին:
Մասնավորապես, ԱՄՆ բնակիչների 58%-ը դժգոհ է, որ, իրենց կարծիքով, Օբամայի վարչակազմը փորձել է թաքցնել 2012 թվականին լիբիական Բենղազիում ԱՄՆ դեսպանատան վրա ծայրահեղականների հարձակման փաստը, որն ավարտվել էր դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի սպանությամբ:
Միաժամանակ, հարցվածների 77%-ն ասել է, որ կողմ է անցած շաբաթ Օբամայի հնչեցրած՝ մինչև 2016 թվականը ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու որոշմանը:
Հարցվածների 53%-ը դժգոհ է Օբամայի տնտեսական քաղաքականությունից, 56%-ին դուր չի գալիս առողջապահության ոլորտում նրա բարեփոխումը: Հարցվածների կեսը համաձայն չէ Սպիտակ տան ղեկավարի գործողություններին ներգաղթի քաղաքականության ոլորտում:
Նախագահի պաշտոնում Օբամայի գործունեությանը ներկայումս աջակցում է ամերիկացիների 46%-ը, մինչդեռ 51%-ը դժգոհ է նրա աշխատանքից:










































