Վրաստանի կառավարությունը մտադիր է փոխգործակցել Աբխազիայի նոր նախագահի հետ՝ անկախ այն բանից, թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը: Այս մասին հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական իրավահավասության հարցերով վրացի նախարար Պաատա Զաքարեիշվիլին:
«Շատ կարևոր է աբխազական հասարակության հետ երկխոսություն ունենալը, այդ իսկ պատճառով ով էլ լինի աբխազ հասարակության նոր առաջնորդը, մենք պետք է պատրաստ լինենք շփում ունենալու նրա հետ»,- վրացական հեռուստատեսությամբ հայտարարել է Զաքարեիշվիլին ՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Նախարարը նշել է, որ Աբխազիայում տեղի ունեցող գործընթացները կարևոր են Վրաստանի համար:
Մայիսի 31-ին Աբխազիայի խորհրդարանը կողմ է քվեարկել օգոստոսի 24-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը և պարտականությունները դրել խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբուի վրա:
Նախագահ Ալեքսանդր Անկվաբը հունիսի 1-ին հայտարարել է հրաժարականի մասին:







































