Այսօր նախագահի նստավայրում տեղի ունեցավ ՀՀ նախագահի 2013 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի ներդրման համար մրցանակ ստացավ իսրայելցի գիտնական Յահիր Աուրոն:
«Առաջին լրատվական»-ի հետ գիտնականը կիսվեց տպավորություններով. «Ես երջանիկ եմ, որ որոշում կայացվեց մրցանակ տալ ինձ: Լինել ձեզ հետ՝ մեծ առավելություն է ինձ համար: Բայց փաստն այն է, որ ես զգում եմ՝ դուք ինձ սիրում եք, ոգևորում եք, սպասում եք. սա ինձ խորապես հուզում է: Ինձ համար գիտությունը ճանապարհ է նաև պայքարելու համար, և դա մարդասիրական գործ է»,- ասաց նա:
Հարցին՝ Իսրայելը կընդունի՞ արդյոք Հայոց ցեղասպանությունը, գիտնականը նշեց, որ արդեն նախնական քայլերն արված են. «Անցյալ շաբաթ բանավեճ էր Իսրայելի պառլամենտում, բոլորը աջակցում էին Հայոց դատը, բոլորը ձեր կողմից են: Խորհրդարանի փոքրամասնությունից ոմանք սկսեցին խժդժություն հրահրել, և այս հարցը հետաձգվեց: Քնեսետի անդամներից յուրաքանչյուրը շատ է ցանկանում, որ այդ ամենը չկրկնվի»:
Անդրադառնալով Ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը՝ գիտնականը նշեց, որ դա քաղաքական ելույթ էր, ընդհանուր առմամբ խաղ է, և նրանք պաշտոնապես չեն ընդունելու, նրանք հազար պատճառ կգտնեն՝ կասեն վաղեմության ժամկետն անցել է, ռեալ չէ, բայց այս բոլորը սուտ են և քաղաքական խաղեր:







































