RealPolitik հաղորդաշարի հյուրըն է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
– Երեկ Աստանայում տեղի ունեցավ Եվրասիական միության հիմնադիր նիստը, որի ժամանակ Ղազախստանի նախագահն անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ` ասելով, որ Հայաստանը կարող է միանալ այդ միությանը, և հիմնադիր անդամներից ոչ ոք առարկություն չունի, սակայն պիտի միանա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից, ի՞նչ է սպասվում Հայաստանից, որը պարտավորվել է 15 օրվա ընթացքում ստեղծված իրավիճակի համար ինչ-որ լուծում գտնել:
– Իսկ արժե՞ դուրս գալ այս վիճակից: Ընդհանրապես իմ մոտեցումները հասարակությանը հայտնի են. ես դեմ եմ թե՛ Եվրասիական միությանը, թե՛ Մաքսային միությանը: Ես կողմնակից էի Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, և գտնում եմ, որ Նազարբաևը շատ մեծ լավություն է արել: Սա շատ լավ առիթ է ընդհանրապես հետ կանգնելու այդ խայտառակ, որևէ տեղ չտանող համաձայնագիրը ստորագրելուց:
Ովքե՞ր են այնտեղ ներկայացված: Նազարբաև` մարդ, ով ցանկանում է իր հանցագործ փեսային իրենից հետո իշխանություն թողնել, որը ցմահ է: Լուկաշենկո` որն իր երկիրը վերածել է սովետական մեծ կոլխոզի, ռուսական էժան գազով և նավթով երկիր է ուզում պահել և մտածում է, որ այդպես կլինի հավերժ, և երբ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ոտքը սեղմում է, փորձում է ոչ հավասարակշիռ քայլերով ամեն ինչ իր տեղը գցել: Ռուսաստանի նախագահ Պուտին` որի մասին պատկերացումներն այս վերջին շրջանում կարելի է գնահատել ոչ ադեկվատ` կոնկրետ իր գործունեության առումով: Եվ սրանք բոլորն էլ իշխանությունը ցմահ պահելու, իրենց իրավահաջորդներ ապահովելու խնդիր են լուծում: Այսպիսի՞ Հայաստան ենք մենք ուզում: Այստե՞ղ է, որ մենք ուզում ենք գնալ: Կամ` ի՞նչ է տալու այդ Մաքսային միությունը մեզ:
Այնտեղ նույնիսկ Ադրբեջանը բարեկամ ունի` Նազարբաևն Ադրբեջանի շահերը պաշտպանեց. Նազարբաևը մամուլի խոսնակի կարգավիճակով, այն էլ` այդ տարիքի մարդը, վերցրեց և թուղթ կարդաց Ադրբեջանի համար:
Իսկ ո՞վ պետք է պաշտպաներ Հայաստանի շահերը: Ո՞վ է Հայաստանի բարեկամը, եղբայրը, ում նամակներ էին գրում, խնդրում էին, որ Ղարաբաղը ներառի Ռուսաստանի կազմում, բայց բարեկամը, ընկերը ինչո՞ւ Հայաստանին չփորձեց օժանդակել, մանավանդ որ` Եվրասիական միություն ասածը Ռուսաստանն է, մնացածը կցորդ են: Այդ նույն Նազարբաևը թող մտածի, որ Ղազախստանի բնակչության 50 տոկոսից ավելին ռուսներ են, և հաջորդ երկիրը Ղազախստանն է, որտեղ տեղի է ունենալու այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում: Նույն կերպ նաև Բելառուսի դեպքում:
Եվ վերջապես այստեղ խնդիր կա` 900 անուն ապրանք Եվրասիական միության շրջանակներում թանկանալու է, որի պարագայում Հայաստանի որևէ իշխանություն չի դիմանա: Իշխանություն ասելով` ես նկատի չունեմ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, ես նկատի ունեմ Սերժ Սարգսյանին: Ուղղակի չի դիմանա, չի կարող այստեղ ասել այս վարչապետն էր մեղավոր, չկարողացավ ցուցանիշներ ապահովել, փոխում եմ, ուրիշին դնեմ: Հետևաբար` սա բոլոր առումներով այս գործընթացներին չմասնակցելու շատ լավ հնարավորություն է:
– Այսինքն` պետք է ասել` մենք չենք մասնակցում, որովհետև մեր առջև այսպիսի պայմա՞ն է դրված: Իսկ հետևանքնե՞րը:
– Պետք է ասել հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությանը` որպես պետության, որոշակի ժամանակ է պետք, որովհետև խնդիրները, որոնք դրված են, շատ լուրջ արմատներ ունեն: Դրանք գալիս են 1988 թվականից, դրանք բավականին մեծ թվով մարդկային կյանքեր են արժեցել, դրանք հարևան 2 պետությունների միջև ընդհարումեր են առաջացրել, դրանք նաև հին արմատներ ունեն, 100 տարին շուտով կլրանա հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում, և այս շրջանում նման խնդիրների արծարծումը մեզ որոշակիորեն դրդում է այդ գործընթացներից ձեռնպահ մնալ:
Հաջորդ քայլով ի՞նչ պիտի անի Հայաստանը: Քաղաքականությունը փուլային գործընթաց չէ: Ճիշտ է, փուլերը պետք է լինեն, բայց դա պետք է լինի…
– Համալիր:
– Այո՛, փաթեթի շրջանակում: Եվ Հայաստանը, այստեղից հետևություններ անելով, պետք է իր համար մշակի փաթեթ: Առաջին` ՀՀ ԱԳ նախարարությունը արագացված տեմպով պետք է գնա և նախաստորագրի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Քանի դեռ եվրոպական համայնքը դրան կողմնակից է Օլանդի այցելությունից հետո և Օլանդի աջակցությունն ունենալով: Հայաստանը պետք է գնա այդ քայլին: Դա շատ կարևոր է, դա իր հետ կբերի ներդրումներ Հայաստան: Դա կհեշտացնի Հայաստանի քաղաքացիներին շենգենյան տարածքում ճամփորդելու, ինչու չէ` նաև աշխատանք գտնելու… Եվ դա ՀՀ անկախության աստիճանը մեկ քայլ կբարձրացնի:
– Իսկ ռուսնե՞րը:
– Դրա համար եմ ասում համալիր կոնտեքստում նայենք: Եթե մենք այնտեղ ժամանակավորապես, առանց ընդհարվելու, այս-այս խնդիրներից ելնելով` առայժմ կասեցնում ենք, պետք է անենք նաև հաջորդ քայլը: Միայն դա բավարար չէ:
– Բայց գուցե դրանք զուգահե՞ռ քայլեր են:
– Դրանք այդ փաթեթի փուլերն են: Պետք ամբողջությամբ անես, որի դեպքում հստակ կդառնա քո տրամաբանությունը, քո մոտեցումը: Եվ իրենք` թե ռուսները, թե ղազախները, թե բելառուսները պետք դրսևորեն իրենց մոտեցումները հակառակ տեսանկյունից, որը նաև աշխարհին պարզ կդառնա: Ինչու եմ ասում Հայաստանում ներդրումների հոսքը կավելանա, որովհետև աշխարհը դրանով Հայաստանին կտեսնի անկախ: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ղազախստանը չեն գա Հայաստանում ներդրումներ անելու: Ռուսաստանը սեփականություն ունի Հայաստանում, բայց այստեղ փող չի դնում: Ընդհակառակը` այստեղի եղածը մաշեցնում է, փողն էլ դուրս է հանում: Առավել ևս, որ իրենք իրենց երկրում ներդրումներ անելու խնդիրներ ունեն, իրենք անգամ իրենց բռնակցած Ղրիմում չեն կարողանում ներդրումներ անել: Հետևաբար` եթե ցանկացած պետություն, այդ թվում` Հայաստանը ներդրում է ուզում, պետք է գնա եվրաասոցացման:
Երկրորդ խնդիրը իրանական խնդիրն է: ՀՀ արտգործնախարարությունը` նախագահի ղեկավարությամբ, հնարավորինս արագ և սեղմ ժամկետում պետք է սկսի Իրանի հետ հարաբերությունների շատ լուրջ մերձեցում: Եվ բոլոր այն նախագծերը, որոնց մասին առ այսօր բարձրաձայնվել են, բայց որոնք մնացել են թղթի վրա, պետք է ստարտային վիճակից հանել:
– Շաբաթներ առաջ Էդուարդ Նալբանդյանը Իրանում էր. Իրանի նախագահն իր ցանկությունների մասին խոսեց, նաև Հայաստանով դեպի Եվրոպա գազամուղ անցկացնելու իր մտադրությունների մասին արտահայտվեց: Մի՞թե ռուսները նման բան թույլ կտան:
– Իրանական խնդրում որպես առաջին քայլ պետք է արվի հետևյալը: Բացի գազամուղը բերելը, որը ռուսների ամենացավոտ կողմն է, «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը պիտի կառուցվի: Այս գործընթացը պետք է արագացվի: Սա միանշանակ բարձրացնում է Հայաստանի անկախությունը: Մեկ այլ հարց է Իրան-Հայաստան երկաթգիծը. Անկախության օրվանից այդ թեմայով խոսվում է, իրանական կողմն իր համաձայնությունն է տվել և ասել` իր տարածքում պատրաստ է իր գումարով կառուցել, Հայաստանը թող ներդրողներ գտնի իր տարածքում դա անելու: Ես համոզված եմ, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելուց հետո, ներդրողներ կլինեն:
Երրորդը Մեղրիում Արաքս գետի վրա կառուցվելիք ՀԷԿ-ի հարցն է, որը շատ կարևոր է թե ռազմաքաղաքական, թե էներգետիկ առումով:
Չորրորդ` իրանական ալտերնատիվ, մասնավորապես Հայաստանի տարածքով գազամուղների տարանցիկ անցնելը:
Պետք է դնել քայլերի հաջորդականությունը, ուղղվածությունը, չսրես միանգամից` ինչպես Ուկրաինայում: Խնդիրը ես չեմ էլ տեսնում Ռուսաստանին թշնամանալու առումով, այլ նաև Ռուսաստանի շահերը զգալով, մեր շահերն ավելի գնահատելով` ընդառաջ քայլեր անել, առանց հարվածներ տալու:
Հաջորդ խնդիրը հայ-թուրքական հարաբերություններն են: Մենք այստեղ լուրջ խնդիր ունենք, որը բոլոր շրջանակներում որոշակիորեն օգտագործվելու է: Իմ ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները լուծեն հայերն ու թուրքերը, հայ-ադրբեջանական հարաբերություները` Հայաստանն ու Ադրբեջանը: Այս խնդիրներում ցանկացած 3-րդ կողմի ներկայություն սեփական շահ, սեփական նպատակահարմարություն, ժամկետներ, միջոցներ, խնդիրներ է բերում:
– Օրեր առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Թուրքիայի հաջորդ նախագահին` ով էլ նա լինի, հրավիրում է Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին: Որքանո՞վ է սա համաձայնեցված և որքանո՞վ է հայ-թուրքական հարաբերությունները վերակենդանացնելու քայլ: Գնդակը, որ Թուրքիայի դաշտում էր, կրկին այնտեղ թողնելո՞ւն միտված քայլ էր, նաև միջազգային հանրությանը ցույց տալու մեր բաց և պատրաստակամ վիճակը:
– Ես միշտ մտածել եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրները հայերը և թուրքերը կարող են լուծել, միշտ կողմնակից եմ եղել դրան, և Սերժ Սարգսյանի հայտարարությանը նայում եմ ավելի շատ ձևի մեջ, քան բովանդակության: Ընդ որում` ձևն էլ լավ չէր ընտրված, որովհետև հայտարարության շարունակությունը` թող գան, այստեղ աղերսվեն… Եթե մարդուն հրավիրում ես, չես ասում արի, որ ցույց տամ, թե ինչքան վատն ես, այլ հարաբերությունները լավացնելու համար պետք է հրավիրել, նստել և ճիշտ խոսել: Որպես կայացած պետություններ` Հայաստանն ու Թուրքիան փաստաթուղթ են ստորագրել: Եթե իրենք իրենց լուրջ են ընդունում, իրենք իրենց ստորագրած փաստաթղթի ետևից պետք է գնան: Սերժ Սարգսյանն այդ ամենն անելու փոխարեն, ունի մեկ շատ կարևոր քայլ. եթե նա կարողանում է Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակել, կարող է նաև հայ-թուրքական այդ արձանագրությունները վավերացնել: Սա գործնական քայլ է, որը հայ-թուրքական սահմանի բացման հիմնական խոչընդոտը հաղթահարում է: Հայաստանն իսկապես ցույց է տալիս, որ ինքն առանց նախապայմանների գնաց, որպես պետություն իր վրա վերցրեց պատասխանատվություն, ներսում շատ խնդիրներ ունենալով` ստորագրեց և հետևողականորեն գնաց դրա վավերացմանը: Ու դրանից հետո հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ հնարավորություն Թուրքիան չի ունենում:
– Փաստաթուղթը չվավերացնելո՞վ…
– Այո՛, դրանով իրենք ուղղակի ընկնում են անհարմար, անլուրջ իրավիճակի մեջ, իսկ եթե այս իշխանությունները դա են ուզում, դրանից կարող են հաճույք ստանալ: Իսկ եթե իշխանություններն ուզում են, որ խնդիրը լուծվի, սա էլի տարբերակ է, որ արտաքին ճնշումների ներքո այդ մարդկանցից պահանջելու են, և այդ մարդիկ պետք է ասեն, որ իրենք լուրջ պետություն չեն, սխալվել են այն ժամանակ, որ ստորագրել են, վախենում են, որ ակնհայտ կդառնա այդ բոլորը…
– Բայց մենք Սահմանադրական դատարանի որոշում ունենք:
– Դրանք երրորդական բաներ են: Սա քաղաքական որոշում է, և քաղաքական գործիչներն են դա որոշում: Մենք քայլեր ունենք նաև Ադրբեջանի հետ անելու:
– Զուգահեռ հայ-թուրքականի կոնտեքստո՞ւմ:
– Եվ հայ-թուրքականի կոնտեքստում, որովհետև հայ-թուրքականում մի քիչ մեղմացումը օգնելու է այնտեղ: Սրանք փոխկապակցված են: Բայց ինչպես Ադրբեջանը չպետք է Ադրբեջան-Ղարաբաղ հարցերն ամբողջությամբ կապի Հայաստանի հետ, մենք էլ ամբողջությամբ Ղարաբաղ-Ադրբեջան հարցերը չպետք է կապենք Թուրքիայի հետ: Մենք զուգահեռ պետք է աշխատենք նաև Ադրբեջանի հետ: Հասկանում ենք այդ ռազմատենչ հայտարարությունները: Բա պարտված երկիր է, ի՞նչ եք ուզում, հայրը պարտվել է, ինքն էլ չի կարողանում ետ բերի, բա պարտված երկիր է, ուզում եք` դա՞ էլ չանի, բայց իրականում ուժը չի բավականացնում, և այսօր ուժեղացնում են այդ երկիրը, զինում են նոր տեխնիկայով, զինում են, որ Հայաստանը այլ ուղղությամբ չգնա: Մենք եթե հասկանում ենք թե մեր կոնկրետ խնդիրների լուծման ուղղությունը որտեղից է գալիս, պետք է այդ պետության հետ զգույշ լինենք ու չասենք` բա որ իրենք, բա որ իրենք:
Ով է ասում, որ մենք ամեն օր պետք է նստենք սպասենք, ով է ասում որ մենք պետք է վախով ապրենք, ում է պետք վախով ապրելը: Իմ ընկեր Այդին Մորիկյանը, մի շատ սիրուն պատմություն էր պատմում. երբ հռոմեացիները Անգլիայում մի փոքր գյուղ պաշարում են, գալլերը հավաքվում են, մտածում` ինչ անենք, կռվենք, թե չէ, ասում են` եթե կռվենք, կմեռնենք, քանի որ նրանք շատ են, ու էլ ով մեր աստվածներին կպաշտի, եկեք հանձնվենք: Մի զինվոր դուրս է գալիս և ասում` իսկ ով ասեց, որ մեր աստվածները ցանկանում են որ իրենց ստրուկներ երկրպագեն: Ես չեմ ուզում, որ մեր Աստվածը մեզ տեսնի ստրուկի, խեղճացածի վիճակում, մենք պետք է մտածենք` Աստծո առաջ ինչ ունենք ասելու, ոչ թե Պուտինի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































