Ազգային ժողովում 2013-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկմանը եկած Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք հայանպաստ է զինվորական ծառայությունից ազատել ՀՀ քաղաքացիություն ստացած սփյուռքի մեր հայրենակիցներին: «Ինչ-որ շփոթ առաջացավ. ՀՀ զինապարտության մասին օրենքով՝ ՀՀ քաղաքացիները պետք է պարտադիր զինվորական ծառայություն անցնեն: Դա նաև սահմանադրական նորմ է, սակայն օրենքն ունի որոշակի կետեր, որով ասում է՝ որ դեպքում գիտնականը, երեք-չորս երեխա ունեցողը, խնամողը, քաղաքացին որոշակի դեպքերում կարող են ազատվել կամ տրվի տարկետում: ՀՀ կառավարությունը տասնյակ տարի է՝ տալիս է տարկետում ուսանողներին, հոգևորականներին՝ այս երկու կատեգորիաներին հիմնականում, որպեսզի նրանք կամ սովորեն կամ ծառայություն անցնեն»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ վերջին անգամ Սփյուռքի նախարարությունը, ինչպես միշտ, ինչպես բոլոր հոգևորականներին են ազատել և թույլ տվել, որ նրանք գնան ծառայության, առաջարկել էր Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության չորս միաբաններին ազատել զինվորական ծառայությունից, որպեսզի նրանք իրենց ծառայությունն անցնեն Սիրիայում, Հորդանանում, Լիբանանում և այլն: «Ճիշտ լրագրողները կարողացել էին խորանալ հարցի մեջ և գտնել, որ նրանք հոգևորականներ էին, ուրեմն՝ ինչ-որ մի բանից ելնելով՝ մեր իրավաբանները նման ձևակերպում են տվել»,- ասաց նա:
Հակոբյանն ասաց, որ իրենց նախարարությունն առաջարկել էր Մեծի Տանն Կիլիկիո չորս միաբաններին ազատել, այնուհետև ձևակերպում էին տվել, որն առաջացրեց աղմուկ, սակայն այժմ արդեն ամեն ինչ պարզեցվեց: Ինքը՝ նախարարը, Կառավարության նիստում տեսել է, որ թե ֆեյսբուքյան օգտատերերը, և թե լրագրողներն ունեն մտահոգություն, դրա համար հայտարարել է, որ նրանք միաբաններ են: «Բացի այդ, եթե խոշոր կառույցներն ու կազմակերպությունները հարց են բարձրացնում, ու մենք էդ հարցը քնեցնենք, դուք նույն հաջողությամբ կհարձակվեք մեզ վրա և կասեք՝ այդ ինչ եք լռեցրել, դուք ինչու՞ եք նստել և ընթացք չեք տալիս Սփյուռքի հարցերին»,- ասաց նա:
Հարցին՝ բանակում ծառայելը հայրենանպա՞ստ է, նախարարը դրական պատասխան տվեց: Հակառակ հարցին՝ իսկ չծառայե՞լը՝ նա արձագանքեց. «Գիտեք, կան դեպքեր, որոնք կարող են հավասարեցվել ծառայությանը: Սիրիայում հոգևորականն այսօր բանակին հավասար ծառայություն է իրականացնում, և էդ երիտասարդները պետք է Սիրիայում… Լաթաքիայում առաջինը, երբ մեր Քեսաբի հայությանը դուրս արեցին, եկեղեցին ամբողջ պատասխանատվությունը իր վրա վերցրեց, և եկեղեցական ծառայողներն էին ծառայում՝ 370 հոգու կերակուր, հագուստ, սնունդ բերելու հարցում»:









































