Սերժ Սարգսյանը եռօրյա բավական ներկայացուցչական այցով մեկնում է Ֆրանսիա: Այս այցը թերևս համարձակորեն կարելի է որակել նախընտրական: Ընդ որում, շատ ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը նախընտրական ֆրանսիական այցերը կարծես թե ավանդույթ է դարձրել, թեև կարելի է ասել, որ Ֆրանսիա կատարվող նախընտրական այցելությունները ավանդույթ են ընդհանրապես Հայաստանի բոլոր նախագահների համար:
Եվ ահա ՀՀԿ համագումարից առաջ Սերժ Սարգսյանը մեկնում է Ֆրանսիա, որտեղից կվերադառնա և կառաջադրվի որպես նախագահի թեկնածու: Հատկանշական է նաև, որ Սերժ Սարգսյանի արտասահմանյան վոյաժն ավարտվելու է Մոսկվայում: Նոյեմբերյան այս այցն ըստ էության առանցքային նշանակություն է ունենալու առաջիկա նախագահական ընտրությունների համար, և ըստ ամենայնի իշխանության հիմնական զարգացումները տեղի կունենան Սերժ Սարգսյանի այս այցերից հետո:
Ամենայն հավանականությամբ, հենց այս այցերով է պայմանավորվելու նաև «դիմակազերծումների» խնդիրը, որ արդեն մի քանի օր է` բավական «գովազդում» է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` բավական բացահայտ կերպով սպառնալով Ռոբերտ Քոչարյանին և նրա հետ համագործակցելու պատրաստ ուժերին և՛ ընդդիմության դաշտում, և՛, ամենայն հավանականությամբ, նաև իշխանության մեջ:
Ըստ երևույթին, Ֆրանսիա և Ռուսաստան կատարած այցերի ընթացքում Սերժ Սարգսյանը փորձելու է վերջնականապես հստակեցնել իր և արտաքին կենտրոնների հարաբերությունները, ինչպես նաև ճշգրտել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ վերաբերմունքի հարցերը: Դրանից հետո հավանաբար պարզ կլինի, թե արդյոք Սերժ Սարգսյանը կիսո՞ւմ է իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի հետ, պայմանավորվո՞ւմ է 2017-18-ին այն նրան փոխանցելու հարցի շուրջ, թե՞ ընդհանրապես ձեռնամուխ է լինում Հայաստանի քաղաքական կյանքում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեման արդեն գործնականում փակելուն ուղղված կոշտ գործողությունների:
Չի բացառվում, որ հենց այդ իսկ պատճառով «Բարգավաճ Հայաստան»-ը խախտեց նախագահական ընտրություններից առաջ իր խորհրդավոր լռությունն ու հանդես եկավ քաղաքական ուժերին ուղղված իր կոնսոլիդացիոն առաջարկով, որն, իհարկե, ուներ այնպիսի բնույթ, որ չայրվեին Սերժ Սարգսյանի հետ կամուրջները` անհրաժեշտության դեպքում վերադառնալու համար:
Այսինքն` Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի արտերկրյա կարևոր այցերից առաջ փորձեց թե նրան, թե նաև արտաքին կենտրոններին «ուժ ցույց» տալ` սրանով իր քաղաքական պլանների համար ճակատագրական որոշումները կանխելու համար, որպեսզի Սերժ Սարգսյանին, այնուամենայնիվ, ոչ թե հավանություն տան փակել Քոչարյանի թեման և սկսել «դիմակազերծում» օպերացիան, այլ սկսել նրա հետ կոմպրոմիսային բանակցությունները:
Սակայն Սերժ Սարգսյանը Ֆրանսիա մեկնելուց առաջ բավական կոշտ արձագանքեց Քոչարյանի այս շարժին, ինչը նշանակում է, որ Սարգսյանը մտադիր է և հակված է, այնուամենայնիվ, վճռորոշ այցելությունների ընթացքում ստանալ «դիմակազերծման» հավանությունն ու անցնել գործի:









































