ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը մայիսի 29-ին Ազգային ժողովում 2013-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ դիմեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ նշելով, որ իրեն զարմացրել է նրա՝ ֆինանսական պահանջ չունենալը:
«Իմ գործընկերներն իրենց հարցերով Ձեզ բերեցին այն թեմատիկային, որ իրոք մեզ հետաքրքրում էր: Գիտեք, բյուջետային տարեկան հաշվետվությունն ենք ուզում լսել, մենք ուզում ենք լսել այն պրոբլեմները, որոնք վերապահված են ձեր առաքելությանը, բայց որոնց արդյունավետ իրացումը խաթարվել է կամ չի հաջողվել ֆինանսական ռեսուրսների պակասի կամ ոչ անհրաժեշտ ծավալի պատճառով: Դուք ասում եք՝ ես ֆինանսական ռեսուրսի պակաս չունեմ: Ես առաջին անգամ եմ լսում, որ կա կառույց, որն ասում է՝ ես ֆինանսների պակաս չունեմ: Ճիշտն ասած՝ թույլ տվեք ընդունել, որ Դուք այս փուլում գտնում եք, որ Ձեր ջանքերը բավարար ֆինանսավորվում են, բայց համաձայնեք՝ Ձեր ինստիտուտի առաջ կանգնած պրոբլեմները հանրային մասնակցության առումով այնքան շատ են, որ մի քիչ տարակուսանք է առաջացնում, թե դուք ֆինանսավորման կարիք չունեք»,- ասաց նա:
Հարությունյանը կարծիք հայտնեց, որ առաջիկայում էլ պետք է մտահոգ լինեն այս հարցերով, ապա նշեց, որ իրենց խնդիրն է հասկանալ՝ ֆինանսական ռեսուրսները որ հատկացվել են, Մարդու իրավունքների պաշտպանին հնարավորություն տվե՞լ են իր առջև դրված առաքելությունն արդյունավետ իրացնել: ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ հենց դա է իրենց հետաքրքրողը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի










































