Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգ տեղադրելու ոչ մի ծրագիր չկա, և նման հարց չի քննարկվում, հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, հայտնում է Trend-ը:
«Ինչ վերաբերում է պարոն Լուկաշևիչի հայտարարությանը, թե, իբր, Վրաստանը սպասում է իր տարածքում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ինֆրակառուցվածք տեղադրելուն, ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ այդ առումով ոչ մի ծրագիր չկա և չի քննարկվում: Մոսկվայում այս մասին, ամենայն հավանականությամբ, պետք է լավ տեղյակ լինեն»,- ասել է Աբաշիձեն:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հյատարարել է, որ Մոսկվային մտահոգում են Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգ տեղադրելու՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի կոչերը:
Վրացական կողմը նախաձեռնություն է հանդես բերել՝ Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի ժամանակ կոչ անելով Վրաստանում ՀՕՊ համակարգեր տեղադրել:
«Մենք հնչեցրինք այդ նախաձեռնությունը, բայց դրան քննարկում չի հետևել: Մեր ուղերձն է՝ ելնելով տարածաշրջանային անվտանգությունից՝ մեզ պետք է ոչ միայն քաղաքական աջակցություն, այլև գործնական զինվորական զսպող տարրեր»,- ասել է Աբաշիձեն:









































