Ալֆոնսո Կուարոնը չի ստանձնի Ջոան Ռոուլինգի «Ֆանտաստիկ գազաններն ու նրանց բնակության վայրերը» (Fantastic Beasts and Where to Find Them) գրքի էկրանավորումը՝ հայտնում է Global Post-ը:
«Առաջիկա ամիսներին ես երեխաներին կտանեմ դպրոց և նրանց համար ամառային զվարճանքների մասին կմտածեմ: Այժմ, երբ ես կրկին կապ եմ ձեռք բերել իրականության հետ, ոչ մի ստեղծագործական ծրագիր չունեմ»,- հայտնել է մեքսիկացի ռեժիսորը:
«Ինձ դուր է գալիս Հարի Փոթերի աշխարհը, և ես պաշտում եմ Ջոան Ռոուլինգին, սակայն ներկայումս հատուկ էֆեկտների, մեծ ծավալի հետ կապված նախագծերն ինձ չեն գրավում: Ես նոր եմ դուրս եկել հատուկ էֆեկտների ստեղծման 5-ամյա գործընթացից և ցանկանում եմ մի քիչ ուշքի գալ»,- ասել է Կուարոնը՝ նկատի ունենալով իր «Ձգողականություն» (Gravity) ֆիլմը, որն այս տարի 7 «Օսկար» է նվաճել:
Կուարոնն այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ որոշ ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել, որ նա կարող է զբաղեցնել Ռոուլինգի գրքի էկրանավորման և Սթիվեն Քինգի «Փայլատակման» (The Shining) շարունակության ռեժիսորի աթոռը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Warner Bros. ստուդիան ծրագրում է ֆիլմը մեծ էկրան թողարկել 2016-ի նոյեմբերի 18-ին:









































