Ֆրանսուա Օլանդը ներկայացրել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սեփական տեսլականը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ անդրադառնալով ՀՀ-ում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը, թե ԵՄ-ն պետք է Հայաստանի համար ասոցացման մոդել գտնի:
Նա նշեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ յուրաքանչյուր անգամ խոսելով՝ Ֆրանսիայի նախագահը ներկայացնում է իր սեփական տեսլականն ու պատկերացումները: Ըստ նրա՝ Ֆրանսիայի նախագահը փորձում է ցույց տալ այն ուղղությունը, որով կարող են առաջ ընթանալ ԵՄ-ՀՀ հարաբերությունները:
«Բնականաբար, այն ընկալվեց համապատասխան քաղաքական այրերի կողմից, ենթադրաբար՝ ընկալումից հետո վերլուծական մոտեցում կցուցաբերվի: ՀՀ-ում արված ուղերձներն ընկալվեցին ՀՀ-ից շատ ավելի հեռու՝ մինչև Բրյուսել և ավելի հեռու՝ վստահ եմ: Ես ամենևին չեմ կասկածում, որ հստակ արված ուղերձները լսվել են, շատ լավ են լսվել, որոնք անմիջականորեն ներգրավված են և կոչված են կենսագործելու Արևելյան հարևանություն քաղաքականությունը: Դեռևս վաղ է (հազիվ երկու շաբաթ է անցել այցից) սպասել, որ արված ուղերձներին կհաջորդեն նախաքայլեր ու քայլեր: Չեմ ուզում կասկածել, որ նման հարցերն իրենց ազդեցությունը կգտնեն ԵՄ-ՀՀ աշխատանքային ժամանակացույցում»,- ասաց դեսպանը:










































