Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երկուշաբթի օրն այցելել է Երուսաղեմում իսլամի և հուդայականության սրբավայրեր, իսկ հետո հարգել է ահաբեկչությունների զոհ դարձած հազարավոր իսրայելցիների ու Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստների ձեռքով սպանված միլիոնավոր հրեաների հիշատակը, Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մամլո ծառայությունը:
Պապն այցելել է Տաճարի լեռ, որը մուսուլմանները համարում են երրորդ սրբավայրը Մեքքայից ու Մեդինայից հետո: Կուբաթ աս-Սահրա մզկիթ մտնելուց առաջ Հռոմի պապը հանել է իր կարմիր կոշիկները՝ ի նշան իսլամի ավանդույթների հանդեպ հարգանքի:
Ֆրանցիսկոսը մուսուլման հոգևորականությանը դիմել է «Սիրելի եղբայրներ» արտահայտությամբ: «Թող որ մենք իրար պատվենք ու սիրենք որպես եղբայրներ և քույրեր, սովորենք վշտակցել այլոց տառապանքներին: Թող որ ոչ ոք բռնությամբ չպղծի Աստծո անունը»,- ասել է Ֆրանցիսկոսը: Դրանից հետո նա գնացել է Լացի պատ՝ հուդայականության գլխավոր սրբավայր և պատի քարերի միջև խաղաղության մասին աղոթքով գրություն է դրել:
Վարչապետի առաջարկով Ֆրանցիսկոսը չծրագրված կանգառ է արել ահաբեկչությունների հետևանքով զոհված իսրայելցիների հուշարձանի մոտ ու աղոթել՝ ձեռքը հպելով դաջված անուններով սև մարմարե աղյուսին:
Այնտեղից պապն ուղևորվել է Յադ վա-Շեմ ազգային հուշարձան, որտեղ նա հանդիպել է Հոլոքոստը վերապրած 6 հրեայի հետ, նացիսիտների կողմից նրանց հարազատների սպանության մասին պատմություններ է լսել, համբուրել նրանց ձեռքերը: «Այլևս երբեք, Տեր Աստված, երբեք… Մենք ամաչում ենք, Տեր Աստված, նրանից, ինչ ունակ է եղել անել քո կերպարով ու նմանությամբ ստեղծված մարդը»,- ասել է Ֆրանցիսկոսը:
Նախքան երեկոյան Հռոմ վերադառնալը Հռոմի պապը կհանդիպի Իսրայելի գլխավոր ռաբբիների հետ, պաշտոնական բանակցություններ կվարի երկրի նախագահի ու վարչապետի հետ, մասնավոր զրույց կունենա Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի հետ:







































