Մեծ Բրիտանիան Եվրամիության երկրներին նախազգուշացրել է, որ հնարավոր է, արգելափակի միասնական Եվրոպայում բանկային միության ստեղծումը, քանի որ Լոնդոնի պահանջները հերթական անգամ չեն լսվել Բրյուսելում,- գրում է Financial Times-ը:
Բանկային միությունը ենթադրում է եվրոգոտու բանկային ոլորտում միասնական վերահսկիչ մարմնի ստեղծում: Դրան ներկա պահին անդամակցում են ԵՄ 27 երկրներից 17-ը: Այժմ քննարկվում է կարգավորիչ մարմնի լիազորությունները Եվրոպայի բոլոր բանկերի վրա տարածելու հնարավորությունը:
Մեծ Բրիտանիան չի մասնակցի ԵՄ կողմից առաջարկված սխեմային, քանի որ եվրոգոտում աշխատող շատ բրիտանական բանկեր կհայտնվեն միասնական կարգավորիչի վերահսկողության ներքո, որը, ինչպես ակնկալվում է, հունվարի 1-ից կդառնա Եվրոպայի կենտրոնական բանկը: Այդ պատճառով Լոնդոնը պնդում է հավելյալ պաշտպանություն ապահովել այն երկրների բանկերի համար, որոնք չեն մտնում եվրոգոտի:







































