Լիտվայում ընթանում է նախագահական ու Եվրախորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլը: Երկրի բնակչությունը կազմում է 3 մլն մարդ, որոնցից 2.55 մլնը քվեարկելու իրավունք ունի: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին:
Երկրի նախագահի պաշտոնի համար երկրորդ փուլում պայքարում են գործող նախագահ Դալյա Գրիբաուսքայտեն և իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Զիգմանտաս Բալչիտիսը: Հասարակական կարծիքը կանխորոշում է Գրիբաուսքայթեի հաղթանակը: Առաջին փուլում նա հավաքել է ձայների 45,92%-ը, իսկ Բալչիտիսի համար քվեարկել է քաղաքացիների 13,62%-ը:
Երկու թեկնածուներն էլ նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս անդրադարձել են լիտվա-ռուսական հարաբերությունների խնդրին: Նրանք հույս են հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի, բայց հիմնականում ծայրահեղ բացասական են գնահատել Մոսկվայի ներկայիս արտաքին քաղաքականությունը:









































