Աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում հանդիպել է ուսանողների հետ: Նախ ցուցադրվել են նրա չորս ֆիլմերը, որից հետո միայն նա պատասխանել է ուսանողների հարցերին:
Առաջին հարցը եղել է այն մասին, թե արդյոք ռեժիսորն առօրյա կյանքո՞ւմ էլ է իր ֆիլմերի պես խիտ ապրում, և,եթե՝ այո, ինչպես է դիմանում։ «Մի կերպ դիմանում եմ էլի», -ժպիտով պատասխանել է Փելեշյանը:
Պատասխանելով այն հարցին, թե իր ֆիլմերում մա՞րդն է իրեն հետաքրքրում, կյա՞նքը, ներկայում ի՞նչն է հետաքրքրում, Փելեշյանն ասել է, որ դարձյալ կյանքն է հետաքրքրում:
Նա հաստատել է իր հնչեցրած այն միտքը, որ իր ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են սխալներով: Եթե սխալներ չլինեն, երկար չեն ապրի, սխալների պատճառով են դրանք երկար ապրում:
Ապագա ռեժիսորներին Փելեշյանը խորհուրդ է տվել չվախենալ ոչ մի բանից, բայց անպայման ամեն ինչ ներդնել առաջին ֆիլմի համար, դա է որոշում նրանց ապագան:
«Կինոն համարում են սինթետիկ արվեստ, բայց, իմ կարծիքով, սինթետիկ արվեստ չէ, այլ ինքնուրույն արվեստ է: Կինոն չի խմում ո՛չ գրականության, ո՛չ երաժշտության, ո՛չ կերպարվեստի ջրերը, կինոն խմում է այնտեղից ջրերը, որտեղից առանձին վերցրած խմում են և՛ գրականությունը, և՛ երաժշտությունը, և՛ կերպարվեստը»,– ասել է ռեժիսորը:
Երբ ուսանողները հարցրել են, թե ինչ չի ընդունում ներկայիս քաղաքացու մեջ, նա պատասխանել է. «խիտռիությունը»:
Արտավազդ Փելեշյանն անդրադարձել է նաև իր ֆիլմերում անընդհատ կադրի հետ երաժշտության առկայության փաստին. «Երաժշությունը բառ չէ, ես մոնտաժ չեմ անում պատկերը երաժշտությանը, ես մոնտաժ եմ անում պատկերի զգացմունքը երաժշտության զգացմունքի հետ, իսկ դրանք տարբեր են, դրա համար նրանք անհրաժեշտ են ինձ»։
Ռեժիսորը խոսել է նաև տարածական մոնտաժից: Աշխարհի բոլորը ֆիլմերի մոնտաժը, ըստ նրա, համարվում է իրար կողք կողքի լայնածավալ պատկերների միացումը.«Իմ ֆիլմերում ես օգտագործում եմ ուրիշ մոտեցում, ինձ միացումը չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է դրանք իրարից բաժանելը, հեռավորության վրա դնելը՝ օգտագործելով ուրիշ պատկերներ»:
Ըստ Փելեշյանի՝ հեռավորության վրա գտնվող լիցքավորվող պատկերներն «իրար մեջ ավելի ուժեղ են խոսում և ոչ միայն իրար մեջ են խոսում, այլ դրանք խոսում են մեջտեղում ընկած բոլոր պատկերների հետ. դա է մեխանիզմը»:






































