ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համոզված է ՝ ոչ իշխանական քառյակի համախմբված գործունեության շնորհիվ Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ: Մայիսի 23-ին ԱԺ ճեպազրույցների ժամին նա նշեց, որ փաստորեն զոհաբերեցին Տիգրան Սարգսյանին, ինչը նոր իրավիճակի բաղադրիչներից մեկն է:
«Վերջնականապես քանդվել է, այլևս գոյություն չունի կոալիցիա, ՀՀԿ-ն մնացել է մեն-մենակ: Արդեն իշխող օլիգարխներն են դուրս գալիս առաջին գիծ: Մինչև հիմա իշխանությունը, կառավարությունը օգտագործել է երիտասարդ տեխնոկրատների կենդանի վահանը` դեմ տալով այդ պաշտոններում երիտասարդ ինտելեկտուալ դեմքերի`փորձելով կերտել ավազակապետության` մարդկային դեմքով իմիջը, այսօր այդ օլիգարխիան մերկացել է և անձամբ ստանձնել իր պաշտպանությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր ամենակոռումպացված, էությամբ օլիգարխ պաշտոնյանները գրավում են առանցքային պաշտոնները:
Զուրաբյանի խոսքով՝ կառավարության ծրագրի ընդունումն, ըստ էության, տապալվեց. կողմ գրանցված է յոթանասուն ձայն, որոնցից առնվազն երեք ձայն կեղծվել է. պատգամավորները քվեարկել են միմյանց փոխարեն, Կարեն Բոթոյանին ահաբեկել են, և նա կողմ է քվեարկել, բացի այդ, հարբած պատգամավորներին են բերել, ստիպողաբար նստեցրել նիստին:
Ըստ Զուրաբյանի՝ իշխող կուսակցությունը գտնվում է իր մեծամասնությունը կորցնելու եզրին, իսկ քառյակի համակարգված գործողությունների արդյունքում խորհրդարանը դակիչ մի մարմնից, ինչպիսին եղել է տասնյակ տարիներ, նորից վերածվել է քաղաքական լուրջ ֆորումի: Առաջիկայում լինելու է հանրահավաք Ազատության հրապարակում, որ ժողովուրդը տեր կանգնի իր պահանջներին:
Լրագրողները հիշեցրին, որ նախօրեին Զուրաբյանն Ավետարանից մեջբերում արեց, ապա խնդրեցին մի նոր մեջբերում կատարել այսօր: «Երբ որ գելերի գլխին Ավետարան ես կարդում, իսկ ի պատասխան լսում ես խոճկորների ճղճղոց, դրանից հետո մի քիչ ավելի զգույշ ես լինում այդ հարցում»,- ասաց նա:









































