ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողները հետաքրքրվեցին՝ նախօրեին՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, արդյոք նկատե՞լ է հարբած պատգամավորներին, ում բերման էին ենթարկում քվեարկության:
«Ես զբաղված եմ եղել ծրագրի քննարկմամբ և նման բան չեմ նկատել»,- ասաց նա: Լրագրողներից մեկը փորձեց ճշտել՝ կարելի՞ է արդյոք նրա ասածից ենթադրել, որ բոլոր պատգամավորներն են խմած եղել, Բաղդասարյանը պատասխանեց, որ եթե կառավարության ծրագրից հետո լիներ, կարելի էր ինչ-որ տեղ նման ենթադրություն անել: «Ծրագրից առաջ մենք սթափ ենք լինում, և այդ սթափությունը դուք նկատեցիք»,- ասաց նա:
Բաղդասարյանին խնդրեցին անդրադառնալ նաև ՕԵԿ-ականների այն հայտարարությանը, որ իրենց պատգամավորի նկատմամբ ճնշումներ են եղել: Նա նշեց, որ չի էլ կասկածել, որ նման ենթադրություններ կլինեն: «Բոթոյանի նախկին քվեարկություններն այնքան էլ համահունչ չեն եղել իր խմբակցության հետ… Նման ճնշումներով չենք զբաղվում, մեկ ձայնի խնդիր չենք ունեցել»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Panorama.am-ի








































