Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը չի պակասել, ընդհակառակը՝ այն վերանայվում է: Այսօր այս մասին «Եվրոպական միության ընդլայնման 10-րդ տարեդարձը» խորագիրը կրող` ԵՄ-ի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ պատասխանելով հարցին, թե սեպտեմբերի 3-ից հետո ինչ ճակատագիր են ունենալու ԵՄ-ՀՀ ծրագրային համագործակցությունը և օժանդակությունը:
Նա նշեց, որ սեպտեմբերի 3-ից հետո իսկապես որոշակի ծրագրեր դադարեցվեցին ապագայում նոր պայմանավորվածությունների ձեռքբերման հեռանկարի պատճառով: Սակայն, նրա վստահեցմամբ, օժանդակության ծրագրերը շարունակվում են, և օժանդակությունը Հայաստանին, որը միտված է ուղիղ բյուջետային աջակցությանը, վերանայվում է, որպեսզի ընտրվեն ՀՀ առաջնահերթությունները:
«Նախատեսվում է օժանդակություն արդարադատության, մասնավոր սեկտորի, գյուղատնտեսություն, ճյուղային ոլորտներում: Վստահ եմ, որ եթե ավելի շատ տեսանելիություն լինի, ավելի շատ կիմանաք իրականացվող ծրագրերի մասին»,- ասաց դեսպանը:










































