«Անզսպելիները» ֆիլմի երրորդ մասի հերոսները Կաննի կինոփառատոնին երկու զրհապատ մեքենաներով են ժամանել, կիրակի օրը հաղորդում է Hollywood reporter պարբերականը:
«Անզսպելիլները» ֆիլմի գովազդային արշավի շրջանակներում զրահապատ մեքենաներն անցել են Կաննի ափամերձ հատվածով և կայանվել Carlton հյուրանոցի մոտ: Առաջինն անցել է Սիլվեստեր Ստալոնեի, Հարիսոն Ֆորդի, Մել Գիբսոնի և Ջեյսոն Սթեթհեմի մեքենան, որոնց ուղեկցել է ձյուդոյիստ Ռոնդա Ռոուզը: Անտոնիո Բանդերասը, Առնոլդ Շվարցենեգերը և մյուս դերասանները երկրորդ մեքենայի մեջ են եղել:
Կաննի մարդաշատ փողոցներով շարժվելիս դերասանները լուսանկարվել են, ողջունել են երկրպագուներին և նույնիսկ մի քանի սելֆի են արել: Հյուրանոցի մոտ նրանք կանգնել են, ձեռքերը մեկը մյուսի ուսերին դրել, լուսանկարվել, այնուհետև գնացել են մամլո կոնֆերանսի:
ԶԼՄ-ների տվյալներով՝ զրահապատ մեքենաները ակցիայի համար Բրիտանիայից են բերվել:
Նշենք, որ «Անզսպելիները» մարտաֆիլմի ժանրում ճանաչված դերասանների մասնակցությամբ ֆիլմերի շարք է: Գաղափարի հեղինակը, առաջին ֆիլմի ռեժիսորն ու դերասաններից մեկը Սիլվեստեր Ստալոնեն է:












































