Բեյրութում գտնվող 26-հարկանի Holiday Inn հյուրանոցը, որը քաղաքացիական պատերազմի ժամանակ հրազենային հարվածներից և ականներից ամբողջովին ճաքճքել է, աճուրդի է հանվել, գրում է ITAR-TASS-ը:
Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բարձրահարկ շինությունը պատերազմի ավարտից հետո 24 տարվա ընթացքում այդպես էլ չեն վերականգնել: Շինության վնասվելուց հետո շենքի բաժնետերերի կարծիքները բաժանվել են. ոմանք ցանկացել են վերանորոգել այն, մյուսները՝ քանդել հյուրանոցը և դրա տեղում երկնաքեր կառուցել: Արդյունքում հյուրանոցը որպես հուշարձան է մնացել:
Վերջին տարիներին Holiday Inn-ը որպես նկարահանման հրապարակ են օգտագործել: Այն պատերազմին նվիրված բազմաթիվ փաստագրական և գեղարվեստական ֆիլմերում է հայտնվել: 1973թ. կառուցված հյուրանոցը, բացի վնասվելուց, թալանվել և հրդեհվել է:
«Ինչևէ, Holiday Inn-ը ճարտարապետական գլուծգործոց է և նույնիսկ ներկայիս տեսքով հարյուր միլիոնավոր դոլարներ արժե»,-պնդում է CIL ռիելթերական գործակալության գործադիր տնօրեն Ռոլան Աբդենին, որը հյուրանոցի 34% բաժնետոմսերի սեփականատերն է:- Ցավալի է, որ դրանից ընդամենը երկու քայլ հեռու գտնվող Phoenicia հյուրանոցն արդեն փայլում է նախկին տեսքով»: