Աշխարհում քաղաքային բնակչության ընդամենը 12 տոկոսն է որակյալ օդ շնչում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցը:
Փորձագետները պարզել են, որ քաղաքային բնակչության կեսը շնչում է այնպիսի օդ, որի աղտոտվածությունը առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցում է առնվազն 2.5 անգամ: Դա մեծացնում է այնպիսի լուրջ հիվանդությունների առաջացման վտանգը, ինչպիսիք են թոքերի քաղցկեղը, սրտային հիվանդությունները, կաթվածը:
Բացի այդ, քաղաքներից շատերում նկատվում է օդի որակի վատթարացում:
Փորձագետները օդի աղտոտման հիմնական գործոն են համարում տրանսպորտը, էներգատար բնակելի կառույցները, էներգիայի չափազանց օգտագործումը և արդյունաբերության զարգացումը:










































