ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին չորեքշաբթի չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պլանավորում է զենք մատակարարել սիրիական ընդդիմությանը:
«Ճանապարհ կա դեպի քաղաքական որոշում… հակամարտության ռազմական լուծում չկա»,- ասել է Փսակին` պատասխանելով լրագրողների բազմաթիվ հարցերին:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հաստատել է, որ սիրիական ընդդիմության Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջաբարը կհանդիպի նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Փսակիի խոսքերով` Ջարբայի և Քերրիի հանդիպումը կկայանա հինգշաբթի: Քննարկվելու են երկրում տիրող հումանիտար իրավիճակը, Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի որոշումները:
Սիրիական ընդդիմության Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան չորեքշաբթի կոչ էր արել ԱՄՆ-ի իշխանություններին սկսել զենք մատակարարել ընդդիմությանը: Ըստ նրա, ընդդիմությունը «արդյունավետ» զենքի կարիք ունի: Նա նաև հայտարարել է, որ իր ղեկավարած ընդդիմության թևը չի պատրաստվում ճանաչել Սիրիայի առաջիկա նախագահական ընտրությունները:










































