ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան ներկայացուցիչներին: Վերջիններս ներկայացրել են կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքների ընթացքը:
ԱԶԲ հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը տեղեկացրել է, որ արդեն ավարտվում են կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում ազգային ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները, որը բանկն իրականացնում էր ՀՀ կառավարության առաջարկով: Համագործակցություն է ձևավորվել նաև ոլորտում գործող մյուս կազմակերպությունների՝ KfW-ի , ՎԶԵԲ-ի հետ: KfW-ի կողմից կատարվում են Վանաձոր, Սպիտակ և Դիլիջան քաղաքների կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման ծրագրերի իրագործելիության ուսումնասիրություններ: ՎԶԵԲ-ը նույնպես նմանատիպ աշխատանքներ է իրականացրել Հրազդանի և Սևանի տարածաշրջանների համար:
Քննարկվել են ծրագրերի իրականացման հեռանկարներին և մոդելներին առնչվող հարցեր: «Աղբահանության խնդիրը մեզ համար օրակարգային հարց է դառնում՝ ոչ միայն բնակչության կենցաղի բարելավման, այլև զբոսաշրջության զարգացման, մեր երկրի ներդրումային գրավչության տեսակետից»,-ընդծեց փոխվարչապետը: Նա առաջարկել է կատարված ուսումնասիրությունների և ծրագրերի ֆինանսական գնահատականների ամբողջական փաթեթը ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ մասնագիտական եզրակացություններ ստանալու համար: Փոխվարչապետը նշել է նաև, որ հարցը կքննարկվի կառավարությունում՝ հստակեցնելու համար ծրագրերի հնարավոր իրականացմանը պետության մասնակցության հարցը:










































