Կանադայի Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգի Քեյփ Սենթ Ջորջ քաղաքի ղեկավար Փիթեր Ֆինվիկը փորձել է աճուրդում վաճառել սատկած կետի մարմինը, իսկ երբ փորձը չի հաջողվել, այն անվճար է առաջարկել: Հսկայի մարմինը (12մ) անցած շաբաթ Ատլանտյան օվկիանոսը դուրս է նետել քաղաքային մերձափնյա տարածք՝ հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով կանադական մամուլին:
Այս ամբողջ ընթացքում կենդանու մարմինը հոտում է՝ տարածելով անտանելի գարշահոտություն: Դաշնային իշխանությունները, Կանադայի ձկնորսության և օվկիանոսային ռեսուրսների նախարարությունը ձեռնամուխ չեն լինում այս խնդրին, քանի որ մարմինը քաղաքային տարածքում է: Իսկ մարմինը մասնատել և այրելու ճանապարհով ոչնչացնել թույլ չեն տալիս կենդանիների պաշտպանները:
Ֆինվիկը փորձել է կետին E-bay-ով առցանց աճուրդում վաճառել, բայց վարչությունը հեռացրել է լոտը՝ հղում անելով ռեսուրսի «ընտանի կենդանիներին և վայրի բնությանն առնչվող» ներքին քաղաքականությունը: Հեռացնելու պահին մարմնի համար առաջարկել են 2000 դոլար 25 ցենտ:
Մասնագետները կարծում են, որ կետի մարմինը կարող է ամբողջովին քայքայվել 2 ամսում: Այդ ամբողջ ընթացքում քաղաքը ենթակա է գարշահոտության և վարակների վտանգի: Ուստի հիմա Ֆինվիկն ակտիվորեն մարդ է փնտրում, ով կցանկանա մարմինն իրեն վերցնել, «քանի դեռ այն լավ վիճակում է»:








































