Առողջապահության նախարարությունը բուժհիմնարկներում մոնիտորինգը կշարունակի մինչև տարեվերջ: Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` մոնիտորինգը սկսվել է սեպտեմբերին, և մեկ ամիսը քիչ է կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի կամ արդյունքների ամփոփման համար:
«Բավականին աշխատանքներ ենք արել, մարզային բուժհիմնարկներից պահանջել ենք դեղորայքի գնումների ցուցակները»,- ասաց նախարարը՝ նշելով, որ դրանք պետք է ուսումնասիրվեն և լուծումներ գտնվեն` ինչպես անել, որ դեղորայքի գնումն ավելի մատչելի իրականացվի:
Դ. Դումանյանը հայտարարեց, թե բուժհիմնարկներում պետգնումների հետ կապված չարաշահումների գումարների վերադարձն ապահովելը նախարարության խնդիրը չէ: Ըստ նրա՝ ԱՆ ենթակայության ներքո է գտնվում հանրապետության բուժհիմնարկների 10%-ը, մնացած մեծ մասը գտնվում է Երևանի քաղաքապետարանի և մարզային ենթակայության ներքո, և նախարարությունն ուղիղ կառավարման խնդիր չունի, այլ իրականացնում է ոլորտի քաղաքականության մշակումը:
Հարցին՝ կարծո՞ւմ եք արդյոք, որ դեղերի ներկրման ոլորտը մենաշնորհված է, Դ. Դումանյանը պատասխանեց. «Ոչ: Դեղերի ներկրման ոլորտը մենաշնորհված չէ, ներկրող 70 ձեռնարկություններ կան: Իսկ թե ում անունով են այդ դեղերը ներկրվում` ինձ համար կարևոր չէ, կարևորը՝ դեղերը լինեն որակյալ ու անվտանգ»:
Թե ի՞նչ կերպ է անհրաժեշտ պայքարել կոռուպցիայի դեմ՝ Սերժ Սարգսյանի նշած վիրահատական մեթոդներո՞վ, Դումանյանը հայտարարեց, թե ընդհանրապես, վիրահատությունից բացի, կա կոնսերվատիվ բուժման եղանակ, և ինքը դրան է կողմ, սակայն կոռուպցիայի դեմ պայքարը պետք է տանել վիրահատական եղանակով:
Լրագրողի հարցին՝ նախարարը ճանաչո՞ւմ է կոռումպացված գոնե մեկ պաշտոնյայի, Դումանյանը նշեց. «Գիտեմ, բայց անուն չեմ տա»:






































