«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանյան գործարարները սկսել են մտահոգվել. պատճառը` ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետների ցանցն է, որի մասնաճյուղն առաջիկայում կբացվի նաև Հայաստանում: Բանն այն է, որ տարբեր երկրներում ավելի քան 15 հազար առևտրական կենտրոն ունեցող «Կարֆուր»-ը հիմնականում ինքն է ներկրում իր հիպերմարկետներում վաճառվող ապրանքը: Տնտեսագետների պնդմամբ` «Կարֆուր»-ում ապրանքները համեմատաբար էժան գներով են վաճառվում, հետևաբար` ֆրանսիական ցանցի` հայկական շուկա մուտք գործելուց հետո հայ գործարարներից շատերի համար խնդիրներ կառաջանան:
Հիշեցնենք, որ «Կարֆուր»-ի` Հայաստան մուտք գործելու մասին խոսվում էր դեռևս 2012-ի սկզբներից, իսկ արդեն նո- յեմբերին` հստակ նշվում էր առաջին հիպերմարկետի վայրը` «Դալմա Գարդեն Մոլ»-ը: Սակայն ֆրանսիական ընկերության հիպերմարկետն այդպես էլ չբացվեց:
Հիմա էլ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ «Կարֆուր»-ը գործելու է «Երևան մոլ»-ում: Թե որն էր պատճառը, որ «Կարֆուր»-ի մուտքը հայաստանյան շուկա ձգձգվում էր, հստակ հայտնի չէ. ընկերության ներկայացուցիչները շարունակում էին պնդել, թե դեռ ուսումնասիրում են հայաստանյան շուկան: Մյուս կողմից, սակայն, լուրեր էին պտտվում, որ հայ օլիգարխներն են խոչընդոտում «Կարֆուր»-ի մուտքը Հայաստան:
Ի դեպ, այդ խնդրին անդրադարձան անգամ օտարերկրյա դիվանագետները. մասնավորապես ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները պարզապես չեն կարող կասեցնել «Կարֆուր»-ի մուտքը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:










































