Վայոց ձորի հանրապետական մարզպետ Էդգար Ղազարյանը վերջին ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ թեկնածուի հանդիպումների ժամանակ հայտարարել էր, թե «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին՝ ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու: Ընտրություններից երկու օր առաջ փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 «ջիպ»-երով կընկնեն ետևից կգան, դեմը կկանգնեն՝ կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»: Երեկ Վայոց ձորի մարզպետը խորհրդարանում մասնակցում էր բյուջեի քննարկումներին, և «Առաջին լրատվական»-ը նրանից հետաքրքրվեց` զիբիլի մեքենան ի վերջո հասա՞վ մարզ, թե՞ ոչ: Հայտնի է, որ Եղեգնաձորի քաղաքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածուն:
– Պարոն Ղազարյան, Եղեգնաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Դուք հայտարարում էիք, թե եթե ԲՀԿ-ին ընտրեք, մի զիբիլի մեքենա են բերելու: Փաստորեն ընտրվեց ԲՀԿ թեկնածուն, բերվե՞ց մարզ այդ զիբիլի մեքենան:
– Ո՛չ: Իմ այդ ելույթն ամբողջական աղավաղված չէ, բայց սխալ է ներկայացված: Համենայնդեպս, աղբահան մեքենա այժմ չի բերվել Եղեգնաձոր: Ես նման տեղեկություն չունեմ:
– Դեռ սպասո՞ւմ եք, որ պիտի բերվի:
– Չէ՛, ես չեմ էլ սպասում: Ես ասել եմ` նախընտրական շրջանում հնարավոր է, որ բերեն, ցույց տան, հետո սպասեն ընտրությունների արդյունքներին, նոր որոշեն` դա թողնում են, թե տանում են: Դե ոչ բերել են, ոչ ցույց են տվել, ոչ էլ հետ են տարել:
– Փաստորեն, Ձեր հայտարարության պատճառով Եղեգնաձորը զրկվեց զիբիլի նոր մեքենայից:
– Չեմ կարծում, որ իմ հայտարարության պատճառով է, ուղղակի իմ կանխատեսումը չի իրականացել: Պատճառները, կարող է, ավելի շատ են:
– Իսկ ՀՀԿ-ն նոր տեխնիկա տրամադրե՞լ է քաղաքին, գոնե աղբատար մեքենայի չափով օգուտ տվե՞լ է քաղաքին:
– Ես ասեմ Ձեզ, որ ՀՀԿ-ի իրականացրած ծրագրերը բազմաթիվ են: Մեր` ՀՀԿ-ական քաղաքապետը, որը մինչ վերջերս պաշտոնավարել է, նրա պաշտոնավարման շրջանում մոտ 10 մլրդ դրամի ներդրումներ են կատարվել Եղեգնաձոր քաղաքում, թե՛ սոցիալական ոլորտում, թե՛ կրթական ոլորտում, վերանորոգվել են քաղաքի բոլոր փողոցները, վերանորոգվել են քաղաքի բոլոր ուսումնական հաստատությունները, առողջապահական օբյեկտները: Էնպես որ, հսկայածավալ ծրագրեր են իրականացվել Եղեգնաձորում: ՀՀԿ-ն, որ ծրագրեր է իրականացրել, դրանք ավելի լուրջ են ու կապիտալ բնույթի են: Չեն սահմանափակվում կոնկրետ կոմունալ տեխնիկայի ձեռքբերումով:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ ներկայացուցիչ Եղեգնաձորի նոր քաղաքապետի աշխատանքը:
– Կարծում եմ` շատ շուտ է այդ մասին խոսելը, որովհետև նա իր լիազորությունները ստանձնել է ընդամենը հոկտեմբերի 24-ին և դեռ շուտ է այդ մասին խոսելը:
– Իսկ ԲՀԿ-ական քաղաքապետի հետ Ձեր շփումներն ինչպիսի՞ն են:
– Աշխատանքային, մենք մի անգամ հանդիպել ենք մինչև նրա լիազորությունները ստանձնելը: Ես ընդհանրապես հանդիպել եմ ընտրություններից հետո ընտրված բոլոր համայնքների ղեկավարների հետ, այդ թվում և Եղեգնաձորի քաղաքապետի հետ: Դրանից հետո էլ մի անգամ հանդիպել ենք մարզխորհրդի նիստի ժամանակ, որը եղել է վերջերս:
– Ասել է թե` այնքան էլ ջերմ չեն ձեր հարաբերությունները:
– Աշխատանքային են: Ընդհանրապես, մարզպետի և համայնքի ղեկավարի հարաբերությունները բոլոր դեպքերում աշխատանքային են: Մենք ունենք ընդհանուր շահեր բոլոր ընտրված համայնքի ղեկավարների հետ և դրանք վերաբերում են մեր ժողովրդի կենսական խնդիրների լուծմանը, անձնական, քաղաքական ամբիցիաները որևէ կերպ արդարացված չեն:
– Դուք նաև ասել էիք, որ մինչ այժմ ԲՀԿ-ն է ղեկավարել մարզը և չի կարողացել մարզում ստեղծել բարգավաճ երկիր, ներդրումներ չի արել, ինչպե՞ս է պատրաստվում երկրում բարգավաճ Հայաստան կառուցել:
– Հանդիպումների ժամանակ ես հարցնում էի մեր մարզի բնակիչներին` իրենք ունե՞ն այդ զգացողությունը, որ ապրել են այդպիսի երկրում, ցավոք, մինչև հիմա դրական պատասխան չեմ ստացել:
– Իսկ այժմ և առաջիկա հինգ տարում իրենք ինչպիսի՞ մարզում պիտի ապրեն:
– Ես կարծում եմ, որ մենք ապրում ենք լավ երկրում:
– Հարցրե՞լ եք մարզի բնակիչներին` արդյո՞ք իրենք լավ երկրում են ապրում, որովհետև սոցիալապես անապահով մարզերից մեկն է Վայոց ձորը:
– Նախընտրական հանդիպումներից հետո ես մեր բնակչության հետ նոր հանդիպումների առիթ դեռ չեմ ունեցել լայն մասշտաբով:
– Իսկ Դուք ներդրումներ բերո՞ւմ եք մարզ, եթե այո` ի՞նչ ներդրումներ եք բերել:
– Ես շատ կարճ ժամանակ է, որ աշխատում եմ մարզպետի պաշտոնում, և ինտենսիվ կերպով այդ ուղղությամբ մենք հիմա աշխատանքներ ենք իրականացնում: Այս պահին Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ քննարկում ենք ոչխարաբուծության զարգացման շատ մեծ ծրագիր, որը մեզ համար ունի հայեցակարգային ուղղվածություն: Կարծում եմ` կարճ ժամանակահատվածում իր արդյունքը կունենա: Արտահանման միտված լուրջ գյուղատնտեսական ներդրումային ծրագիր է:
– ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղեկություն տարածվեց, որ ԲՀԿ-ական նախկին մարզպետը հարվածել էր ոստիկանին, սակայն այդ գործն այդպես էլ ընթացք չստացավ, շարունակվո՞ւմ է քննությունը:
– Դա իրավական համակարգին առնչվող խնդիր է, և էդ հարցը, կարծում եմ, պետք է ուղղել ոստիկանությանը:
– Որքան էլ Դուք բացատրեցիք եղեգնաձորցիներին, որ իրենք բարգավաճ մարզում չեն ապրում, այնուամենայնիվ Եղեգնաձորում ՀՀԿ-ն պարտվեց: Եթե նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածուն Ձեր մարզում պարտվի, չե՞ք կարծում, որ դա կարող է ազդել Ձեր պաշտոնավարման վրա:
– Մի ընտրությունների արդյունքներով մյուսի մասին եզրակացություն անելը լավագույն մեթոդը չէ: 2012 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ հավաքել է առավելագույն ձայներ, և ՀՀԿ թեկնածուն մեծամասնականով ընտրվել է ԱԺ պատգամավոր: Նախորդ ընտրություններում ևս նախագահ Սերժ Սարգսյանն առաջատար է եղել:
– Իսկ 2013-ի բյուջեով Վայոց ձորի մարզին հատկացված գումարի չափից գո՞հ եք:
– Այո՛, պետբյուջեով մեզ համար նախատեսված են գրեթե այնքան միջոցներ, որքան որ մենք բյուջետային հայտով ներկայացրել ենք: 96 տոկոսով մեր բյուջետային հայտը բավարարված է:









































