Հայոց ցեղասպանության 99 –րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անակնկալ ուղերձով հանդես եկավ, որում իր վշտակցությունն էր հայտնում հայերին: Հայաստանից Էրդողանի ուղերձին արձագանք հնչեց: Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 24–ին իր ուղերձում նշեց. «Մեր պարտքն է գիտակցել, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է, և այդ հանցագործությունը ժամանակակից Թուրքիայում շարունակվում է: Ոմանք մեզ առաջարկում են «100 տարի առաջվա հին վերքերը չփորփրել, այլ նայել առաջ»:
Մեր պատասխանը նման հորդորներին հետևյալն է՝ Օրհան Փամուքին և Հրանտ Դինքին 100 տարի առաջ չեն դատել: Դատել են մեր աչքի առաջ: Թե՛ թուրքական, թե՛ հայ հասարակությունների համար այս խնդիրն արդիական է և հրատապ»: Օրեր անց արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն ԱԺ ամբիոնից արձագանքեց` Թուրքիային խորհուրդ տալով հետևել Գերմանիայի օրինակին, այն է` ճանաչել, դատապարտել և ներողություն խնդրել: Մայիսի 1-ին, սակայն, Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը կրկին հայտարարությամբ հանդես եկավ` կարևորելով Էրդողանի հայտարարությունը, նշելով, որ ԱՄՆ-ից, միջազգային հանրությունից, Հայաստանից ու հայկական Սփյուռքից պատասխան են ակնկալում:
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ երկխոսության անհրաժեշտությունն, այնուամենայնիվ, կա: «Կարծում եմ` այո: Ես տվյալ պահին ելնում եմ մեծանուն դիվանագետ Ռիշելյեի հայտնի հայտարարությունից, որ մշտապես պետք է ունենալ միջպետական բանակցային գործընթաց` անգամ այն պետությունների միջև, որոնք պատերազմական իրադրության մեջ են: Ես դրա կողմնակիցն եմ: Հիմա թե ինչպես ենք մենք նայում այդ հայտարարությանը, դա արդեն հարցի մյուս կողմն է, բայց ես կարծում եմ, որ Էրդողանի արած հայտարարությունն անձնական չէր, այլ պետական մակարդակով արված խոսք էր: Եթե ուշադրություն դարձրել եք, նա երբեք չի կարդում, այս անգամ նա պարզապես կարդաց: Այդ տեքստն ուրեմն մշակված տեքստ էր Դավութօղլուի մակարդակով, և իրենք դա չեն էլ թաքցնում»,- ասաց նա` հավելելով, որ կասկածից վեր է` դա ուներ այսպես ասած՝ բազմաշերտ, դիվանագիտական կոմբինացիա մի քանի ուղղություններով:
Ըստ Նավասարդյանի` առաջին նպատակակետն, իհարկե, ուղղված էր Արևմուտքին` մեղմելու համար այն հակազդեցությունները, որ այնտեղ լինում են` կապված հայկական կողմի ջանքերի հետ: Այդ տեսակետից խնդրին մոտենալու պարագայում, ըստ դեսպանի, Էրդողանն իր նպատակին հասավ. հայտարարությունը շատ դրական ազդեցություն է թողել Արևմուտքում, մասնավորապես` ԱՄՆ-ում, և վարչապետը դրանով իր իմիջը բավական բարելավեց, մանավանդ` նկատի ունենալով այն ներքին ամբողջ կատակլիզմները, որ հիմա կան Թուրքիայում` կապված իր կոռուպցիոն պատմության հետ, ընտրության խնդիրների, 301 օրենքի, այսինքն` ուղղված էր և ներքին, և արտաքին լսարանին: «Կարծում եմ` որոշ առումով ուղղված էր նաև հայկական կողմին: Հիմա այս իրադրության մեջ անտեսել և ասել, որ դա իրենից ոչինչ չի ներկայացնում, իմ կարծիքով սխալ է: Եթե նկատի ունենանք, որ այս հարյուր տարվա մեջ պետական մակարդակով սա արված առաջին քայլն էր, անկախ նրանից` մենք ընդունու՞մ ենք, թե՞ չէ, ասու՞մ է Ցեղասպանություն բառը, թե՞ ոչ, բայց ես կարծում եմ, որ սա լռությունից լավ է: Ու քանի որ մենք, մասնավորապես` ես համոզված եմ, որ ուշ թե շուտ անպայման Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը, սա, կարծում եմ, հուսադրող քայլ էր»,- ասաց նա:
Նավասարդյանի խոսքով` նրանք այսօր սպասում են դեպքերի զարգացման, այն, ինչ հինգ տարի առաջ կատարվում էր, այսօր գոյություն չունի. այսօր բոլորովին այլ տեսարան է: Եթե հինգ տարի առաջ Ցեղասպանություն բառն արտասանելու դեպքում մարդուն կարող էին ենթարկել ռեպրեսիաների, ապա ներկայում իրադրությունը բավական փոխվում է, և սա հուսադրող բան է: Դեսպանը կարծում է, որ երկխոսություն պետք է ունենալ` անկախ որևէ բանից, անկախ իր հայտարարությունից: «Գիտեք, դիվանագիտության մեջ կան մարդիկ, ովքեր այդ գծի կողմնակից են, ես դրանց թվին եմ պատկանում: Հայկական սփյուռքի մոտեցումը մի փոքր այլ է, հասկանու՞մ եք, այստեղ չկա պետականության խնդիր, իրենց քաղաքականության մեջ դրված է հիմնականում Հայ դատի հարցը, այնպես որ՝ նրա ռեակցիան ավելի զգացողական և ավելի հասկանալի է: Դա պետք է ընդունեն այնպես, ինչպես որ կա, բայց քանի որ Հայաստանում, լինելով նույն Եղեռնի ժառանգորդները և նույն ազգի ներկայացուցչությունը, մենք ունենք նաև պետականության ամբողջականություն, սա մի փոքր այլ է, հասկանու՞մ եք: Համենայն դեպս, գոնե ինձ համար, մեր նպատակներից մեկը պիտի լինի Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը, սահմանների բացումը, որը միանգամայն կարող է փոխել Հայաստանի ընդհանրապես արտաքին քաղաքականության իրավիճակն այսօր»,- ասաց նա: Նավասարդյանը կարծում է` երկխոսությունն ի վերջո կայանալու է, սակայն պետք չէ ինչ-որ պայմաններ դնել ոչ մի կողմից, ինչ-որ հանձնաժողովներ կազմել. դրանք տեխնիկական հարցեր են, որոնք ուշ թե շուտ պետք է արվեն: Համենայն դեպս, այն, ինչ սկսվել է, այս գործընթացն, ըստ դեսպանի, այլևս չի կանգնի, իսկ Եղեռնի ճանաչումն ի վերջո կգտնի իր տեղը:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը տեսակետ հայտնեց, որ Էրդողանի հայտարարության համարժեք արձագանքը մեր նախագահը տվել է, դրա համար նոր արձագանքի կարիք չկա, մանավանդ որ Էրդողանի այդ ցավակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման առումով որևէ նշանակություն չունի: «Դրա գլխավոր նշանակությունն այն է, որ ոգևորվում են Թուրքիայում նրանք, ովքեր որ մինչև հիմա չէին հանդգնում Ցեղասպանության անունը հրապարակավ արտաբերել: Սրանով, սակայն, որևէ հարց չի լուծվի: Վարչապետը ցավակցության մեջ,- ես տեքստը նայել եմ,- ասում է` էդ թվերին Օսմանյան կայսրությունում եղել է աղետ, որից տուժել են թուրքերը, քրդերը, չերքեզները, հայերը, հետևաբար` սա ընդհանուր վիշտ է: Է, թուրքերը տուժել են, որտե՞ղ են տուժել: Բայց էդ տուժող թուրքերը, քրդերը, չերքեզները (ժողովուրդների մասին է խոսքը) անմիջականորեն մասնակցել են հայերի բնաջնջմանը, հիմա դու բերում ես տուժողի ու դահճի միջև հավասարության նշան ե՞ս դնում: Դա ճիշտ չի: Եթե մենք հավատանք Էրդողանին, ապա ստացվում է, որ ինչ-որ աղետ է եղել` երկրաշարժ, որի հետևանքով այս ժողովուրդները միասին զոհվել են, էդպես չի: Ցավակցում է, ինչի՞ է ցավակցում: Նա նախ 1915 թվականի դեպքերի բնութագիրը պետք է տա, դրանք ի՞նչ էին»,- ասաց նա: Չաքրյանի խոսքով` Էրդողանը որ ցավակցություն էր հայտնում, հաջորդ օրը Վանում գիտաժողով էր կազմակերպել Թուրքական պատմական ընկերությունում (որ պետական հաստատություն է)` «Հայերն Առաջին համաշխարհային պատերազմում» խորագրով, հայ ֆիդայիների «ահաբեկչական» գործողությունները հայկական աղբյուրներում, «դրանց հետևանքով սպանված» թուրքերի թիվը:
Չաքրյանի խոսքով` թուրքական պատմական ընկերությունը, որ նման գիտաժողով է կազմակերպել, պետական հիմնարկ է, և այդտեղ հակասական երևույթներ կան, իսկ արձագանքի կարիք չկա, որքան պետք է` հայկական կողմից արձագանքել են, ուստի պետք չէ դրա վրա շատ կանգ առնել, իսկ նախագահի հայտարարությունը հստակ և պարզ էր: Թուրքագետի խոսքով` թուրքերն այստեղ ոչ այնքան երկխոսության մեջ ներքաշելու հաշվարկներ են անում, որքան Մեծ եղեռնի իրողությունը նման հայտարարություններով մթագնելը, ըստ երևույթին` հարյուրերորդ տարելիցին սպասվող զարգացումներից ունեցած վախով է պայմանավորված այս գործելակերպը, որովհետև, Չաքրյանի խոսքով, նրանք մղձավանջի մեջ են հայտնվել, մանավանդ` Օլանդի հայտարարությունից հետո, երբ ապրիլի 24-ին նա Փարիզում Կոմիտասի արձանի առջև ելույթ ունեցավ, ասաց, որ 2015-ի ապրիլի 24-ին այնտեղ չի լինի, կլինի Երևանում:
«Ամերիկայի հրեական կոմիտեն, որ հզորագույն կազմակերպություն է, Օբամայից պահանջել է` այսուհետև արդեն ժամանակն է, որ նա Ցեղասպանություն բառն օգտագործի: Առաջ ինչպես էր. Թուրքիան կասեցնում էր Ցեղասպանության ճանաչման գործընթացը Ներկայացուցիչների պալատում կամ Սենատում, հիմա դա չեն կարողանում անել, վարչակարգի միջոցով էին կասեցնում, այսօր այդ հնարավորություններից էլ են զրկվել, հիմա չգիտեն` ինչ անեն, նման ձևերով ուզում են հարցը կոծկել: Ի դեպ, էդ մասին վարչապետին խորհուրդ էր տվել փոխնախարար Դավութօղլուն, և նա հիմա մի նախագծի վրա է աշխատում, ըստ որի` Ցեղասպանության ժառանգներին քաղաքացիություն պիտի տրամադրեն: Հիմա դե պատկերացրեք, Բոստոնը թողած` ո՞վ կգնա Մուշում կապրի կամ Էրզրումում, չեմ կարծում` գնան: Հարց է` քանի՞ հոգի կգնան, եթե նման բան լինի, հետևաբար դրանք անիմաստ քայլեր են, ու ինչքան էլ Էրդողանն ուզում է վշտակցի, Ցեղասպանության ճանաչման հարցից չի կարող ձերբազատվել, այդ հարցը նրա առջև ավելի ուժգին ձևով կանգնած կլինի մյուս տարի»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Photolure-ի







































