ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելել է Վանաձորում կառուցվող ծննդատան շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Ծննդատան շենքը կառուցվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով. այդ նպատակով հիմնադրամը հատկացրել է շուրջ 4 մլն դոլար: Փոխվարչապետը տեղում պատասխանատուների հետ քննարկել է նաև Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցման ծրագրին առնչվող հարցեր:
Այնուհետև փոխվարչապետն այցելել է մարզի Հագվի համայնք, որտեղ ներկա գտնվեց համայնքային կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնի կառուցման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ հրատապ ծրագրով հատկացվել է 34 մլն դրամ, ծրագրի իրականացմանը որոշակի մասնակցություն է ունեցել նաև համայնքը:
Համայնքային նշանակության մեկ այլ ծրագիր է իրականացվում Ալավերդի քաղաքում. պետական և մասնավոր ներդրումներով վերանորոգվում է քաղաքի գեղարվեստի դպրոցի շենքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38,5 մլն դրամ, որից 18 մլն դրամը տրամադրել է Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակը, 8 մլն դրամը՝ «Վալլեքս» խումբը, 12,5 մլն դրամ էլ հատկացվել է չորրորդ հրատապ ծրագրով:
Այնուհետև փոխվարչապետը Շնողում և Թեղուտում համայնքների ղեկավարների, «Մանես» բարեգործական հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ քննարկեց համայնքներում իրականացվելիք ծրագրերին, ինչպես նաև ՀՀ Նախագահի` օրերս Լոռի կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես քննարկվեցին գազիֆիկացման, համայնքային ենթակառուցվածքների արդիականացման, այգիների հիմնման ծրագրերը, որոնց իրականացումը նախատեսվում է նաև «Վալլեքս» խմբի մասնակցությամբ:
Ա. Գևորգյանն այցի շրջանակում եղել է նաև Այրումի քառաստիճան պոմպակայանում, որը վերականգնվել էր 2011թ. «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» հիմնադրամի ծրագրով:
Մարզպետի և պատասխանատուների մասնակցությամբ քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկի, ոռոգման համակարգի վիճակի հետ կապված հարցեր: Փոխվարչապետը հորդորեց աշխատանքներն իրականացնել առավելագույնս կազմակերպված՝ հաշվի առնելով, որ սպասվում է սակավաջուր տարի:
Աշխատանքային այցը փոխվարչապետն ավարտել է Դիլիջանում: Ա. Գևորգյանն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոցի շինհրապարակ, որտեղ նրան ներկայացվեցին շինարարության ընթացքն ու կատարված աշխատանքները:







































