Արմավիրի քրեակատարողական հիմնարկի շինարարությունն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 500 մլն դրամ, որը նախատեսվում է հատկացնել հաջորդ տարվա բյուջեով: Ինչպես այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2013 թ. բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, սեպտեմբերին և հոկտեմբերին դոնորների հավաք է անցկացվել, որի արդյունքում աջակցություն կցուցաբերվի ՔԿԱ համակարգի էլեկտրոնայնացմանը և նոտարական համակարգում էլեկտրոնային համակարգի ներդրմանը:
Նախարարի խոսքով՝ մեկ դատապարտյալի համար տարեկան ծախսվում է 1 մլն 200 հազար դրամ, այսինքն` օրական ծախսը մոտ 3600 դրամ է, որը մոտավորապես այնքան է, որքան Էստոնիայում, բայց քիչ է ԱՄՆ-ի համեմատ, որտեղ 25-30 հազար է ծախսվում:
ՀՀ քրեակատարողական համակարգում կան 2300 աշխատողներ, որոնք մեծ մասամբ իրականացնում են ՔԿՀ-ի պաշտպանությունը, ինչի արդյունքում վերջին տարիներին փախուստի ոչ մի դեպք չի գրանցվել:
Նախարարի խոսքով` խնդիր է ՔԿՀ-ների փոքրությունը: Նա նկատեց, որ դրանց միավորումը կբերի կադրերի կրճատման, արդյունավետության բարձրացման, բժշկական սպասարկման որակի բարձրացման: «2000 տեղանոց 3 ՔԿՀ-ները բավարար կլինեն մեզ, բայց դա ֆինանսական միջոցներ է պահանջում»,- ասաց նախարարը:







































