Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն համարում է, որ Ռուսաստանի գործողությունների դատապարտումը և օգնությունը Ուկրաինային ոչ միայն Եվրոպայի, ԱՄՆ-ի ու «մեծ յոթյակի» գործն է, այլև մնացած աշխարհի, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
ԱՄՆ Ստենֆորդի համալսարանում ելույթ ունենալիս Բարոզուն Ուկրաինայի իրավիճակն անվանել է «ամենամեծ սպառնալիքը Եվրոպայի կայունությանն ու անվտանգությանը՝ Բեռլինյան պատի անկումից հետո»։
Եվրահանձնաժողովի ղեկավարի կարծիքով՝ ուկրաինական ճգնաժամը սկսվեց նրանից, որ Ռուսաստանը չընդունեց «Ուկրաինայի ինքնիշխան ընտրությունը» եվրաինտեգրման մասին և որոշեց միջամտել։
Իրենց հերթին, «մեծ յոթյակի» երկրներն իրենց վերաբերմունքով հասկացրին, որ Ռուսաստանի նման գործողություններն ունեն քաղաքական, դիվանագիտական ու տնտեսական գին։
«Սակայն, դա ոչ միայն Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ «մեծ յոթյակի» հարցն է։ Դա պետք է վերաբերի նաև մնացյալ աշխարհին, որովհետև խոսքը վերաբերում է անմիջական սպառնալիքին, միջազգային իրավունքին և միջազգային խաղաղությանը»,- ընդգծել է Բարոզուն։









































