Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի Միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնը իրականացնում է երկօրյա՝ «Միգրացիան գլոբալացված աշխարհում» առաջին տարեկան գիտաժողով:
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, փորձագետ Արամ Վարտիկյանն «Առաջի լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե համաժողովի իմաստն այն է, որ վերջապես պետք է հասկանալ, թե ինչպիսին է արտագաղթի պատկերը Հայաստանում որակական և քանակական տեսակետից:
«Բանն այն է, որ Հայաստանում բազմիցս արվել են միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություններ, բայց ամբողջական պատկերը, որով հնարավոր է ասել, որ այս ու այս խնդիրները հանգեցնում են միգրացիայի՝ շատ կդժվարանանք»,- ասաց նա՝ հավելելով, որ խնդիրը իսկապես բարդ է և կարիք ունի լուրջ ակադեմիական ուսումնասիրությունների:
Արամ Վարտիկյանի դիտարկմամբ՝ որոշ խորքային ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ արտագաղթի հիմնական պատճառ կարող է մնալ աշխատանքի հետ կապված գործոնը: «Ինչքանով է դա այդպես՝ պետք է մակերեսը մաքրենք, որ տակը տեսնեք, սա արդեն բարդ հարց է»,- հավելեց Արամ Վարտիկյանը:
Արտագաղթի գործոնները, նրա խոսքերով, բազմաթիվ են: Ամբողջ աշխարհի բնակչության երեք տոկոսից ավելին դիմում է միգրացիայի: Ըստ զրուցակցիս՝ մեր երկրում մոտավորապես նույնն է. դա նշանակում է, որ եթե էմոցիոնալ և բարոյական գնահատակնները դնենք մի կողմ, գոնե վիճակագրորեն մտնում ենք նորմալ հունի մեջ:
Հարցազրույցն ամբողջական՝ տեսանյութում:










































