Նախորդ շաբաթ երկու արտակարգ պատահարներ գրանցվեցին մայրաքաղաքում. Խանջյան փողոցում փլուզվեց կիսակառույց շենքը, Սասնա Ծռեր փողոցում վթարվեց կիսակառույց շենքի վերելակը: Առաջինի դեպքում եղան վիրավորներ, երկրորդի դեպքում՝ նաև զոհեր: Հանրային հեռւստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում, անդրադառնալով Երևանում կատարվող շինարարություններին, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասել է. «Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչ են կառուցում այնտեղ: Մենք միշտ հարցում ենք ուղարկել բայց այդպես էլ պատասխան չստացանք: «Օղակաձև» զբոսայգում նման կառույցների գործունեությունը արդարացված չէ: Այգին , պետք է թեթևացնենք եղած կառույցներից»:
Ճարտարապետը նաև նշել է, որ եթե չկա պատասխանատու, չենք կարող պարզել, թե ով է մեղավորը: Պետք է լինի հսկողություն քաղաքային իշխանությունների կողմից: Նա կասկած է հայտնել, որ կառուցվում էր մանկական զվարճալիքի կենտրոն, որովհետև մանկական կենտրոնը երեք հարկանի չի լինում:
«Ես մտավախություն ունեմ, որ եթե փլուզումը չկատարվեր, ոչ ոք չէր իմանա, որ դա ապօրինի է»,- ասել է ճարտարապետը՝ հավելելով, որ այգիներում սովորաբար կառուցվում են ժամանակավոր տաղավարներ, ապա բետոնե հիմք ստանում:
Մկրտիչ Մինասյանը նշել է, որ թեև քաղաքաշինության մասին օրենքն ունի բացեր, այնուամենայնիվ, եթե բոլորը հետևեն օրենքին, նման խնդիրներ չեն առաջանա. «Մեզ մոտ օրենքն աշխատում է՝ հաշվի առնելով սեփականատերերի անձը: Եթե նրա ղեկավարները պաշտոնյաներ են, աշխատում են չնեղացնել: Իսկ սա այդ դեպքն է: Որևէ սովորական կառուցապատող չէր կարող շարունակել շենքը, եթե այն կանգնած էր»:
Ճարտարապետը կարևորել է խստությունը կառուցապատողի նկատմամբ, նաև դժգոհել, որ ստուգումները, ըստ օրենքի, 5 տարին մեկ են, ինչի ընթացքում կառուցապատողը կարողանում է նախագիծը վերանայել. «Լինում են նախագծային շեղումներ, հաստատվում է 6 հարկանի շենքի նախագիծ, բայց կառուցվում է 7 կամ 9 հարկանի»: Մկրտիչ Մինասյանը նաև առաջարկում է վերանայել տուգանքի չափը՝ ասելով. «Որքան խիստ լինենք շինարարների նկատմամբ, այնքան լավ, որովհետև մենք ռիսկային գոտում ենք բնակվում»:
Մկրտիչ Մինասյանն անդրադարձել է նաև Սարի թաղի նախկին անտառի տարածքում կառուցապատումներին՝ դա համարելով «բնակիչների հաշվին կատարվող հանցագործություն»:
Ապա, խոսելով Մաշտոցի և Սարյան փողոցների միջև ընկած այգում Համազգային թատրոն կառուցելու նախագծին, Ճարտարապետների միության նախագահն ասել է, որ գլխավոր պողոտան մեզ ժառանգություն է հասել, և այն պետք է ազատ պահել:








































