Կառավարությունն այսօր պատրաստվում է Ազգային ժողովում ներկայացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքի նոր նախագիծ:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովում սեփական նախաձեռնությամբ որոշեց մասնակցել «քառյակի» նիստին, որի ընթացքում ոչ իշխանական չորս ուժերը նրան ներկայացրին օրենքի վերաբերյալ իրենց նախագիծը՝ կազմված հինգ կետից:
Հաջորդ օրը՝ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ, Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ուսումնասիրել են ոչ իշխանական ուժերի նախագիծը և այնտեղից 2-3 կետ ընդունել: Վարչապետը, սակայն, չմանրամասնեց, թե դրանք հատկապես որ կետերն են, և արդյոք օրենքից հանվո՞ւմ է «պարտադիր» բաղադրիչը: Միևնույն ժամանակ, թե՛ ոչ իշխանական ուժերի և թե՛ «Դեմ եմ» շարժման ակտիվիստների համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում պարտադիր, բայց ոչ պարտադրված: Նրանք հաստատակամ են՝ պայքարելու այնքան ժամանակ, մինչև պարտադիր պահումները հանվեն , իսկ մինչ այս գանձված գումարներն էլ վերադարձվեն:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանն ասաց, որ իմաստ չունի այսօր Ազգային ժողովի դիմաց որևէ ակցիա անցկացնել, քանի որ ԱԺ-ում այսօր քննարկվելու է կառավարության նախագիծը, և դրա բովանդակությունից հետո պարզ կլինի իրենց հետագա մարտավարությունը. «Հիմա իրենք իրար մեջ ինչ-որ նախագիծ են քննարկում, և նպատակահարմար չէ այնտեղ գնալը»,- ասաց նա:
Մեր զրուցակիցն ավելացրեց, որ իրենք ունեն հստակ պահանջներ, որոնք պետք է կատարվեն, և եթե նույնիսկ այդ պահանջները մասամբ կատարվեն, դա իրենք բավարար չեն համարի. «Մենք սկզբունքային մարդիկ ենք և պայքարելու ենք այնքան, մինչև դադարեցնեն մարդկանցից այդ գումարները պահել»։
Միևնույն ժամանակ Ավետիսյանը ևս նշեց, որ տեղյակ չէ , թե ներկայացրած 5 կետից բաղկացած նախագծից կառավարությունը որ 3 կետերն է ընդունել:
Լուսանկարը` PAN Photo-ի










































